Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախում է, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:
Արցախի համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին ու այդ ոլորտում փոխգործակցությանը, արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Մասիս Մայիլյանը նշել է Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի անվտանգային ընդհանուր միջավայրը՝ նա ընդգծել է փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը, ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշմամբ: