Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամները նիստ են հրավիրել Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով


Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամները նիստ են հրավիրել խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Հայկ Հովհաննիսյանի հրավիրած նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին, ինչպես նշում են՝ դատական նիստի կարգով, ինչի պատճառով էլ այսօր հրաժարվեցին «Ազատությանը» մեկնաբանություն տալ։

ԲԴԽ-ի պաշտոնական էջում Նախշուն Տավարացյանի անունը նշված չէ, թեև նա անցյալ շաբաթ երդվել է որպես ԲԴԽ անդամ՝ միանգամից առաջացնելով ոչ միայն մի շարք դատավորների, այլ հանրության ներկայացուցիչների տարակուսանքը։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել դեռ մինչև իրար հաջորդած հրաժարականները՝ 2018 թվականի նոյեմբերին, ապա որոշ ժամանակ անց հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Արդեն անցյալ շաբաթ դատավորների ընդհանուր ժողովի նիստին նա երդվեց որպես ԲԴԽ անդամ՝ հայտարարելով, որ այդ խորհրդից հեռանալու մտադրություն իրականում չունի։

Հինգշաբթի օրը Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրած 3 անդամները այսօր իրենց հրապարակման մեջ գրել են, որ դատական օրենսգրքի համաձայն ԲԴԽ նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելու օրվանից, ապա շարունակում են, որ նույն օրենքի համաձայն ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե այդ անդամը տարվա ընթացքում նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայել է։ Նրանք նաև նշել են, որ Տավարացյանը այս տարի իր առնվազն 2 բացակայությունների համար հարգելի պատճառ չի ներկայացրել, ինչն էլ հիմք է, որպեսզի մյուս անդամները քննարկեն նրա լիազորությունների դադարեցման հարցը։

Տավարացյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց: Մինչ այդ՝ Գյումրիի լրագրողական «Ասպարեզ» ակումբի խորհրդի ղեկավար Լևոն Բարսեղյանը հիշեցնում է, որ Տավարցյանը ժամանակին «Ա1+» հեռուստաընկերության փակումն օրինական համարած դատավորն է։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անօրինական կերպով եթերազրկեց «Ա1+»-ը, դրանից հետո էլ դատարանում փաստորեն վերահաստատեց այդ եթերազրկումը, ու դատավորը Նախշուն Տավարացյանն էր: Նախշուն Տավարացյանի պիեսները արդարադատության համակարգում տեղ չունեն Սա իմ՝ քաղաքացու կարծիքն է», - ասում է Բարսեղյանը, - «Եթե մնացած բոլոր գործերը ինքը իդեալական արդարադատությամբ է իրականացրել, այս մի դեպքում իր վճիռը եղել է այն ժամանակվա միակ բևեռից թելադրված՝ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ»:

Մեր հարցին, թե արդյոք «Ա1+»-ի գործը բավական է, հայտարարելու համար, որ երկար տարիներ այդ համակարգում աշխատած Տավարացյանը որպես ԲԴԽ անդամ անվստահելի է, Լևոն Բարսեղյանը պատասխանեց․ - «Գուցե և դառնա սուրբ, գուցե և շարունակի վարվել այնպես, ինչպես այն ժամանակ։ Այդ գուցեներից խուսափելու համար այդպիսիք պիտի տեղ չունենան դատական համակարգում, առավելևս ԲԴԽ-ում, առավելևս այնպիսի մարմնում, որին, ենթադրաբար, վերագրվելու է դատավորների քննազտման կամ վեթինգի գործը»:

Մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, կառավարող ուժի մյուս ներկայացուցիչները քննարկումներից հետո հայտնել էին, որ վեթինգի գործընթացը հավանաբար կիրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը։

Նաև այս պատճառով Բարսեղյանը համարում է, որ ԲԴԽ-ի բոլորը անդամները պետք է վայելեն հանրության վստահությունը։ Ընդ որում, նրա կարծիքով, ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Վիգեն Քոչարյանը, ևս պետք է հեռանա այդ խորհրդից։ Վերջինս ընտրվել է նոր խորհրդարանի կողմից։

«Վիգեն Քոչարյանը տարիներ շարունակ արդարադատության փոխնախարար է եղել, երբ որ պետությունը թաղված է եղել պետության զավթման ռեժիմի մեջ, երբ որ զանգվածային ընտրակեղծիքներ են եղել, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ, իբր թե մարդու իրավունքների պաշտպանության պետական ռազմավարություն է իրականացվել, բայց մարդու իրավունքները շարունակաբար բռնաբարվել են ու մարդը հրաժարական չի տվել», - ասում է Լևոն Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG