Սևանի լողափերը վարձակալող մի խումբ տնտեսվարողներ այսօր փակել էին Երևան - Սևան մայրուղին։
Ցուցարարներին լսելու էր եկել «Երկրապահ կամավորական» միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հայտարարեց՝ եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտրվի, ինքն անձամբ է փողոց փակելու։
«Բայց Սևանը մաքուր է, ի՞նչ է եղել։ Ճիշտ է՝ մի պահ ես անցնելուց նկատել եմ, որ կանաչ էր, բայց երեկ չէ մյուս օրը անցել եմ՝ լրիվ մաքուր է եղել», - հայտարարեց Միքայելյանը՝ շարունակելով․ - «Եթե կա բան՝ թող հայտարարեն»։
Արդեն մի քանի շաբաթ է՝ Սևանա լճի «ծաղկման» մասին լուրերի ու տեսանյութերի պակաս չկա։ Օրեր առաջ անգամ անզեն աչքով կարելի էր տեսնել, թե ինչպես է կանաչել Սևանի ջուրը։ Լճի գունավորման պատճառների մասին դեռ հստակ տեսակետ չկա։ Մասնագետների մի մասն այն պայմանավորում է ջրիմուռների, մյուս մասը՝ լիճ թափվող կոյուղաջրերի, մի մասն էլ ձկնագողության հետ։
Այսօր ցույցի դուրս եկած տնտեսվարողները, լսելով Սասուն Միքայելյանին, որոշեցին բացել ճանապարհը և ուղևորվեցին լճի հանրային լողափերից մեկը՝ ցույց տալու համար, որ ջուրը մաքուր։ Նրանցից մեկն անգամ ցուցադրաբար Սևանի՝ խմելու համար ոչ պիտանի ջրից խմեց։
Հանրային լողափ էր եկել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա «Ազատությանը» հայտնեց՝ պետությունը պետք է հստակեցում մտցնի Սևանի հարցում։
«Չենք կարող խնդիր ունենալ ու ոչինչ չանել, ոչինչ չասել․ դա կլինի անգործություն։ Եվ հակառակը՝ եթե ջրի որակը գնալով կարգավորվում է, դրա մասին էլ է պետք հայտարարել, որպեսզի մեր բնակչությունը իմանա, որ խնդիր կա՛մ չկա, կա՛մ այն աստիճանի չէ, որ կարող է մարդկանց առողջությանը վնասել», - նշեց Սանոսյանը։
Գեղարքունիքի մարզպետը բողոքի ակցիայի մասնակիցների հետ մտավ լողանալու՝ ցույց տալու համար, որ վտանգ չի տեսնում։
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սևանի՝ դեռ կանաչ մնացած հատվածներում լողալը վտանգավոր է։ Երեկ էլ ջրի փորձանմուշներ են վերցրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների։ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ չորեքշաբթի օրը թեմայի շուրջ խորհրդակցություն են հրավիրել։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երկարաժամկետ լուծման տարբերակ է համարում նույնպես երկարաժամկետ լուծման տարբերակ է համարում ջրի մակարդակի բարձրացումը, բայց կոյուղաջրերի խնդրի կարգավորումից հետո։