«Թրամփը կարող է բոյկոտել Կոնգրեսի պահանջը, նա պետք է ոսկե միջինը գտնի», - ասել է Էրդողանը:
Վաշինգտոնը մի քանի անգամ Անկարային կոչ է արել չեղարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու 2017 թվականի դետեմբերի 29-ի գործարքը, սակայն թուրքական կողմը մնացել է անդրդվելի:
Ոչ միայն Վաշինգտոնն, այլև ՆԱՏՕ-ի մնացած երկրներն են հայտարարել, որ ռուսական արտադրության սպառազենը համատեղելի չէ արևտմյանի հետ, ինչը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար:
Մայիսին ամերիկացիներն ասել են, որ թուրքերին դուրս կհանեն Ֆ-35 տեսակի մարտական օդանավեր գնելու և համատեղ արտադրելու ծրագրից, հունիսի 7-ին էլ հայտարարել են, որ Թուրքիայի օդուժի օդաչուներին այլևս չեն թույլատրի մասնակցել Ֆ-35-երի ուսումնական ծրագրին:
Հունիսի 29-ին Էրդողանն Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովում Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, թե հույս ունի, որ ամերիկյան կողմը սանկցիաների չի դիմի:
Այնուամենայնիվ մի խումբ օրենսդիրներ Կոնգրեսի երկու պալատներից Թրամփին կոչ են արել առաջնորդվել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների եղանակով հակազդելու» օրենքով և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:
Նման պահանջ են հնչեցրել և՛ Սենատի, և՛ Ներկայացուցիչներ տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերն անցած ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ դիրքորոշումը Ս-400-ների հարցում չի փոխվել:
«Ես պատրաստվում եմ հարցը քննարկել թուրք պաշտոնակից Աքարի հետ», - հայտնել է Էսպերը:
Հուլիսի 12-ից Ռուսաստանը սկսել է խոշոր բեռնատար օդանավերով Թուրքիա փոխադրել Ս-400 տեսակի համակարգերը:
Երեկ Անկարայի մոտակայքում գտնվող Մյուրթեդի ռազմական օդակայանում վայրէջք է կատարել թվով արդեն 9-րդ «Ռուսլանը»:
Էրդողանն ասել է, որ Ս-400-ների առաքումը, հավանաբար, ամբողջությամբ կավարտվի 2020-ի ապրիլին:
«Հիմա մոտ 100 մասնագետ է Ռուսաստանում սովորում Ս-400-ների հետ աշխատել, գուցե այդ թիվը կավելանա 10-ն անգամ», - «Հաբեր Թյուրք» կայանին ասել է նախագահը և ընդգծել, որ ռուսների հետ այդ գործարքն ժամանակակից Թուրքիայի պատմության ընթացքում ամենակարևոր համաձայնություններից մեկն է:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Ս-400-ների տեղակայումն ու ռազմական պատրաստության վիճակի բերելը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչէլ է «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովին, ով ասել է, որ Անկարային այդ զենիթահրթիռային համակարգերի վաճառքի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար:
Ս-400 «Տրիումֆը» նախատեսված է «ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում թշնամու օդային գրոհները կանխելու, օդանավերը, հրթիռները և թռչող այլ թիրախներ ոչնչացնելու համար»: