Մատչելիության հղումներ

Կստեղծվի երթևեկության անվտանգության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ. Վլադիմիր Կարապետյան


Ծանրաբեռնված փողոց Երևանում, արխիվ
Ծանրաբեռնված փողոց Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով կստեղծվի երթևեկության անվտանգության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Ասաց՝ երեկ վարչապետը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել երթևեկության կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր։

«Քննարկվում էր ճանապարհներին ստեղծված իրավիճակը, ճանապարհային պատահարների ավելացման հետ կապված մտահոգիչ խնդիրը։ Առաջարկում էին լուծումներ, վարչապետը լսեց, քննարկմանը մասնակցեցին բոլոր հավաքվածները, շատ ակտիվ էին հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց մոտեցումները, իրենց առաջարկությունները։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բոլորի մոտ նույն մտահոգությունն է և ընդհանուր ըմբռնում ստեղծված իրավիճակի և ելքերի վերաբերյալ։ Ավելի թղթի վրա հանձնելու, ավելի վերջնական տեսքի բերելու համար առաջարկություն ներկայացվեց ստեղծել հանձնաժողով, որը այդ բոլոր առաջարկությունները երեկ հնչած, նաև՝ այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, եթե լինեն առաջարկություններ, այդ բոլորը ի մի բերելով կներկայացնի մի փաստաթուղթ, որը, կարծում եմ, կքննարկվի նաև գործադիրի շրջանակներում», - նշեց Կարապետյանը։

Աշխատանքային խումբը կուսումնասիրի ճանապարհատրանսպորտային իրավիճակը, խնդիրների վերհանման և լուծումներ առաջարկելու վերաբերյալ կներկայացվեն առաջարկություններ հենց այդ խմբի կողմից։

Վարչապետի հետ հանդիպումը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Ասաց՝ հանդիպմանը ներկա էին գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, ոստիկանապետը։

«Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր մասնակցում անձամբ։ Նա նշեց, որ մեքենաների կտրուկ թվաքանակի աճ է եղել ներկրման մասով, իհարկե, թիվը գաղտնիք է, ես չեմ կարող հրապարակել, բայց մասնակիցներին ներկայացվեց, որ մոտ երկու անգամ ավելացել է մեքենաների թիվը վերջին 10 տարիների ժամանակահատվածում։ Բնականաբար, այդ մեքենաների թվի աճը բերում է վթարների աճի։ Մեր խորին համոզմամբ, այո, եթե այդ մեքենաների ուղիղ աճը բերում է վթարների աճին, էստեղ գոնե մենք կարող ենք կանխարգելել զոհերը։ Այսինքն ամենևին պարտադիր չէ, որ 100 վթարից մեկը լինի զոհ, կարող է 100 վթար էլ լինել, պարզապես լինեն թեթև վթարներ և դրանցից մարմնական վթարներ առավելագույնը լինի։ Այսինքն էդ զոհերը հիմնականում առաջանում են արագության գերազանցման, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու և այդ ուղղություններով աշխատանքներ պետք է տարվեն։ Երևանի քաղաքապետը ներկայացրեց հստակ իր դիրքորոշումը, նա նույնպես կարծում է, որ խնդրին ամբողջական լուծում տալու համար մենք պետք է ունենանք նորմալ հանրային տրանսպորտ և այդ դեպքում միայն այդ երթևեկությունը հնարավոր կլինի բեռնաթափել, ինչի արդյունքում էլ զոհեր և պատահաներ քիչ կլինեն», - նշեց Գաբրիելյանը։

Հանդիպմանը ներկա «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասաց՝ երթևեկության կարգավորման և համակարգային փոփոխությունների մի շարք խնդիրներ են առանձնացրել, հանդես եկել ոլորտային փոփոխությունների առաջարկներով։

«Քանի որ արդեն վարչապետին է հասել, արդեն բոլորս էլ գիտենք, որ խնդիրը շատ լուրջ է, որ հենց վարչապետն է անձամբ ոչ աշխատանքային ժամի զբաղվում է այս գործով։ Առաջարկվել է վարչապետին, որպեսզի կրթական ծրագրերում ներառվի ճանապարհային երթևեկության կանոնները, խոսել ենք ճանապարհների լուսավորության մասին, խոսել ենք ճանապարհների գծանշման, կահավորման խնդիրների մասին։ Առաջարկներ է եղել ճանապարհային ոստիկանության կադրերի ավելացման, խրախուսման այլ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց հսկողությունը ավելի իրական լինի, քանի որ ներկայումս ճանապարհային ոստիկանները ավելի շատ զբաղված են վթարների գրանցման և խաչմերուկների կարգավորման գործում, իսկ երթևեկության հսկողությունը մատնված է անգործության, այսինքն՝ ոչ թե անգործության, այլ ֆիզիկապես չեն կարողանում հասցնել ոստիկանները նաև հսկողությամբ զբաղվել։ Խոսել ենք մարզային ոստիկանության դերի և նշանակության մասին, որպես մարզերում էլ որոշակի խնդիր ունենք կադրերի», - ընդգծեց Քեյանը։

Հիշեցնենք, նախորդ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց զոհերի թվի սպառնալի աճին: Հայտարարել էր, որ պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից։ Ոստիկանապետը վիճակագրություն էր ներկայացրել՝ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, դրան զուգահեռ էլ աճում է զոհերի թիվը: Եթե 2018 թվականին ապրիլի 10-ի դրությամբ 1861 ճանապարհատրանսպորտային պատահարներից 150 մարդ է մահացել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 169 զոհ՝ 2203 ճանապարհատրանսպորտային պատահարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG