Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները:
Միևնույն ժամանակ, եվրոպական առաջնորդները կոչ են արել վերսկսել բանակցությունները՝ վերջ տալու պաշտոնական Թեհրանի և Վաշինգտոնի միջև աճող լարվածությանը:
Ռոհանին երեկ հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի խոսել Թրամփի վարչակազմի հետ, երբ այն դադարեցնի «պատժամիջոցներն ու սպառնալիքները»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, սակայն, մերժել է Իրանի նախագահի առաջարկը։ The Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է, թե դա նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղար Ջոն Քերրիին։
ԱՄՆ-ը անցյալ տարի միակողմանիորեն դուրս է եկել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և խստացրել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։