Այսօր ժամը 14։00-ի մոտակայքում Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Ախթալա համայնքի հատվածում քարաթափման հետևանքով մահացել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները՝ վարորդի կինը (Կարինե Գ․) ու 12-ամյա դուստրը (Լիլիան Մկրտումյան), իսկ 35-ամյա վարորդը (Վարդան Մկրտումյան) նախ տեղափոխվել է Ալավերդու, ապա՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջինիս վիճակը ծանր է։ Նախնական տվյալներով՝ նա ունի ողնաշարի կոտրվածք։
Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, որ քիչ առաջ դեռևս դեպքի վայրում էր, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ ահռելի չափերի հասնող ժայռաբեկորները պոկվել են վերջին օրերին տեղացած առատ անձրևների հետևանքով։
Նա շեշտեց, որ այդ հատվածում ճանապարհաշինական աշխատանքներ չեն ընթանում, և որևէ պայթեցում նախկինում չի արվել, որոնք կարող էին թուլացնել ժայռերը։
«Առհասարակ Լոռվա ձորի հատվածը որ նայում եք, լրիվ ժայռ է ու ամեն րոպե կարա մի հատ քար պոկվի։ Անձրևներն են, այստեղ շինարարները գործ էլ չեն անում, չեն էլ անցել, որ ասենք՝ դետոնացիայից կարող էր լինել։ Ուսումնասիրություն ենք անելու, ըստ նախարարի հանձնարարականի, նեղ մասնագետներ ենք հրավիրել, նախարարը նաև հանձնարարել է, որ տեղում ուսումնասիրենք էս պահին և եթե կախված քար կա, եթե հնարավոր է, վնասազերծենք։ Էս պահին մենք էստեղ հերթապահություն ենք սահմանել»,- ասաց Գաբրիելյանը։
Հարցին, թե ի՞նչ չափի քարեր են ընկել, Լոռու մարզային փրկարարական վարչության պետը պատասխանեց․ - «Երևի մի 300 կիլոգրամի կարգի 20-25 կտոր քարեր են պոկվել։ Էս պահի դրությամբ ճանապարհը երկկողմանի բաց է, պոկված քարերը ծանր տեխնիկայով տեղափոխվել են»։
Գաբրիելյանն ասաց, որ տուժածները Վանաձորի բնակիչներն են, մեքենան այսօր անձնական նպատակով են օգտագործել։
Քարաթափման պահին տարածքում եղել է նաև «Վազ 21-04» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն ու մեկ ուղևորը չեն տուժել։
Ստորև՝ ԱԻՆ-ի տեսանյութը․