Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր:

Ըստվարչապետի պաշտոնական կայքէջի, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը:

Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր պատճառներով (հողակտորների մասնատվածություն, ֆինանսական խնդիրներ, ոռոգման ջրի պակաս, ցածր եկամտաբերություն, գյուղտեխնիկայի բացակայություն և այլն), և բարեփոխման շրջանակում իրականացվելիք միջոցառումները միտված են լինելու գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը:

Առաջարկվում է չօգտագործվող հողերի մշակման խնդիրը լուծել 2020-2022 թթ. ընթացքում փուլային տարբերակով՝ Հողային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների իրականացման, հողերի քարտեզագրման, ինստիտուցիոնալ, իրավական և ենթակառուցվածքային հնարավորությունների ու հարթակների ստեղծման, և չօգտագործման դեպքում պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ճանապարհով:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են հողային ռեֆորմի արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են որոշ առաջարկություններ:

Վարչապետը նշել է, որ հողային բարեփոխման ռազմավարական նպատակը բխում է տնտեսության զարգացման ռազմավարությունից, այն է՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն և ագրարային երկրից անցում արդյունաբերական երկրի:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել բարեփոխման հայեցակարգը և պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ քննարկել հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսելու մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG