Մատչելիության հղումներ

«Որ կոռներից խփեց գոլ, այ դրանով հռչակվեց»․ Երկրպագուները հիշում են Սարգիս Հովիվյանին


Անկյունայինից ուղիղ՝ պտտեցված հարվածներով գոլեր, ահա դրանք են հիշում երևանցի տարեց երկրպագուները, երբ խոսում են վերջերս կյանքից հեռացած ԽՍՀՄ Սպորտի վարպետ, լեգենդար ֆուտբոլիստ, հարձակվող Սարգիս Հովիվյանի մասին։

«Որ կոռներից խփեց գոլ, այ դրանով հռչակվեց, հելան սաղ կայնան ոտի, դառավ միտինգ էլի», - ասաց նրա երկրպագուներից մեկը։

1938-ին ծնված ֆուտբոլիստի առաջին ակումբը Քութաիսիի «Լոկոմոտիվն» էր, որտեղից էլ 1958-ին տեղափոխվեց Երևանի «Սպարտակ», երեք տարի անց բանակ գնալու ժամանակն էր։ Հովիվյանը մրցելույթները շարունակեց Բանակի կենտրոնական մարզական ակումբում։ Երկրպագուները հիշում են՝ ԲԿՄԱ տեղափոխվելուն դեմ էին, մայրաքաղաքում առաջին ցույցերը Հովիվյանի համար են կազմակերպել՝ վերջինիս հայրենիք վերադարձնելու պահանջով։

«Մարշալ Բաղրամյանին նամակ գրին երկրպագուները, թե մի հատ ֆուտբոլիստ է, չե՞ք կարում բանը, ես էդ շատ լավ հիշում եմ», - նշեց մեկ այլ քաղաքացի։

Այդուհանդերձ երկրպագուները Հովիվյանին Հայաստանի մարզադաշտերում տեսնելուն երկար չսպասեցին, 62-ին նա վերադարձավ հարազատ ակումբ, որն արդեն կրում էր Արարատ անունը։ Արձակագիր Գուրգեն Խանջյանը շրջանը լավ է հիշում, ասում է՝ հենց Հովիվյանի շնորհիվ 1965-ին «Արարատը» երկրորդ լիգայից բարձրացավ ԽՍՀՄ բարձրագույն խումբ։

«Մի գնադակը նա խփեց, մյուսն էլ նրա ծամած պասն էր, որ Պայիս անունով ֆուտբոլիստ ունեինք, նա խփեց, 2,1 հաղեթցինք Ալմաթիի «Կայրաթին»։ Ֆինալայնի խաղ էր», - ընդգծեց Գուրգեն Խանջյանը։

Խանջյանի «Հետահայաց Երևան» վեպի մի փոքր հատված Հովիվյանի Երևան վերադառնալու մասին է. «Անի» հյուրանոցի ետնապատին նայող հինգ հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի ինը համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը` Սաքոն, պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ. «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից «Արարատ»-ում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կհասցնի»… Ու Գնունիով` Հանրապետական ստադիոն… Իսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են` Սա-քո՛, Սա-քո՛…»։

Գրողն անկեղծանում է՝ փոքր տարիքում իր ֆուտբոլասեր ընկերների հետ գալիս էին Հովիվյանի բակ, վերջինիս նախավարժանքի ընթացքում «բռնացնելու» համար. «Գիտեինք՝ որ ժամին է ինքը դուրս գալու առավոտ մարզանքի, տեսնում էինք՝ «արա Սաքոն, Սաքոն»։

Արձակագրի խոսքով՝ Հովիվյանի ոճը խաղադաշտում յուրօրինակ էր, ասում է Սաքոյին խաղալիս տեսնելը վայելք էր. «Ուրիշ ձև ուներ էլի խաղալու։ Դիտմամբ ծույլ կարող է շարժումներ աներ՝ հակառակորդին խաբելու համար ու հանկարծ նենց մի հատ պոկվեր տեղից, որ հետևից հասնել չէր լինի»։

«Արարատ»-ի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ՝ Արկադի Անդրեասյանն էլ հիշում է Հովիվյանի անցումներից մեկը. «Ձախ կողմից վերցրեց գնդակը, մեկը դիմավորում էր իրան հակառակորդից, մյուսը երեք մետր էս կողմ կանգնած էր, ինքը գնդակը վերցրեց, երկար գցեց ու երկուսին էլ արագությունով անցավ, շատ տպավորիչ էր»։

Անդրեասյանը հասցրել է խաղալ Հովիվյանի հետ, երբ ինքը դեռ պատանի էր ու նոր էր սկսում փառահեղ կարիերան։ ԽՍՀՄ չեմպիոնի, գավաթակրի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի գնահատմամբ՝ Հովիվյանը երկու ոտքով էլ լավ էր խաղում։

Երկրպագուներն էլ հավելում են՝ Հովիվյանը կարողանում էր քիչ էներգիա ծախսելով գոլեր խփել. «Տեխնիկապես ուժեղ էր, Նիկիտա Սիմոնյանը տարավ Բրազիլիա, նրա խաղով շատ հիացել էին, ասել էին, որ բրազիլական ոճի ֆուտբոլիստ ա»։

Ի դեպ, Գուրգեն Խանջյանը Հովիվյանի աղջկա միջոցով նվիրել է իր գիրքը, ավաղ, վերջինիս մահից ընդամենը երեք օր առաջ, ասում է՝ մի քանի անգամ իր մասին հատվածը կարդացել էին Հովիվյանի համար, հուզվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG