Մատչելիության հղումներ

2018-ին մարդիկ հասկացան, որ իրենք են Հայաստանի որոշիչ ուժը. Փաշինյան


Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական հիմքը այն մարդիկ են, որոնք դուրս են եղել «ավանդական օլիգարխիկ կոռումպացված տրամաբանության շրջանակներից և ցուցաբերել են նախաձեռնություններ», այսօր Լոռու մարզի «Սմարթ» կենտրոնում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկ տարի առաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցված կենտրոնը համարեց այդ կարևոր նախաձեռնություններից մեկը, որը 6 միլիոն դոլար բարեգործական ներդրումները ծախսել է ոչ թե Հայաստանի բնակիչներին «ուտելիք, շոր, կոշիկ» տալու, այլ մարդկանց ինքնավստահությունը մեծացնելու համար։

«2018 թվականին մարդիկ հավատացին իրենք իրենց, ոչ թե մարդկանց, որ կանգնած են հարթակում, այլ իրենք իրենց, որովհետև իրենք հասկացան, որ իրենք են որոշիչ ուժը Հայաստանի Հանրապետությունում։ Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը։ Հեղափոխությունը սա է, երբ որ 50 տարեկան մարդը, 40 տարեկան մարդը կարող է երեխայի հետ գալ, նույն սենյակում նստել և ինչ-որ բան սովորել», - նշեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ասաց՝ հեղափոխական նշանակություն ունեցած ամենակարևոր նախաձեռնությունը սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ։ «Եկավ մի պահ, երբ սփյուռքի ընկալումը փոխվեց և նրանք եզրակացրին, որ զուտ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը «Սմարթ» կենտրոնում հավաքված լոռեցիներին և հյուրերին։

«Հին բանաձևը՝ օգնել մարդկանց, որ նրանք վերապրեն դժվարությունը, նոր բանաձևը այն նույն բանաձևն է, որի արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը։ Նոր բանաձևը հետևյալն է՝ օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենք իրենց։ Ես ասում եմ, որ լավ է, որ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ոչ թե որոշում են, որ, օրինակ, Նոր տարվանից առաջ 6 միլիոն դոլարի բրինձ, տոմատ, լիմոնադ գնել և բաժանել մարդկանց, որովհետև Հայաստանում նման բան սովորաբար անում են ինչ-որ բան հետ ստանալու համար։ Բայց Հայաստանում այդպիսի տասնյակ 6 միլիոն դոլարներ են ծախսվել ձեզ հայտնի մարդկանց կողմից, բայց այդ մարդկանցից ոչ մեկը այս կենտրոնի կեսի չափ կենտրոն չի ստեղծել։ Իսկ այս կենտրոնները մարդկանց օգնում են, երեխաներին օգնում են, որպեսզի իրենք իրենց հավատան», - ընդգծեց վարչապետը։

«Սմարթ» կենտրոնում արտադպրոցական կրթություն են ստանում Լոռու մարզի Դեբեդ գյուղի և հարակից ևս 10 համայնքների շուրջ 1500 տարբեր տարիքի բնակիչներ՝ ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։ Սովորում են տիեզերագիտությունից մինչև արվեստ, օտար լեզուներ, ծանոթանում բարձր տեխնոլոգիական գիտություններին, ձեռքբերում գյուղատնտեսական հմտություններ, անգամ հոգեբանից ծնողավարության դասեր առնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG