Մատչելիության հղումներ

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանների հանդիսությունների շրջանակում ուշագրավ համերգ կկայանա Գառնիում


Դեռ այս տարեսկզբից մեկնարկած Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունները՝ գրական երաժշտական երեկոները, համերգները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում:

Եվ ահա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 14-ի երեկոյան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի , Պետական կամերային նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ:

Համերգի առաջին բաժինը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, իսկ երկրորդ բաժինը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Մլքեյանը շեշտեց, որ կներկայացվեն Կոմիտասի թե՛ հայտնի, թե՛ նաև այսօր արդեն ասես մոռացության մատնված գործեր․ - «Հնչեցնելու ենք Կոմիտաս և Թումանյան երկու հզոր ազգանունների հետ կապված: Որոշել ենք, որ ժամանակագրություն չենք կարող անել, որովհետև երկուսն էլ 1869 թվի ծնունդ են, բայց Կոմիտասով կսկսենք»:

Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը ներկայացնում է համերգային ծրագրի Թումանյանին նվիրված բաժինը, որն ինքն է ղեկավարելու: Կներկայացվեն հայ կոմպոզիտորների Թումանյանի բառերով գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր և այլն․ - «Կհնչեն, օրինակ, «Անուշ» օպերայից հատվածներ, կհնչի «Վարդը», որ Ռոմանոս Մելիքյանն է գրել․․․ Կոմպոզիտորի համար դա գանձ է պարզապես՝ ունենալ այդպիսի հեշտ հանգերով և այդպիսի հեշտ վանկերով բանաստեղծություններ, որովհետև երաժշտությունն էլ է ռիթմի ենթարկվում, և բանաստեղծությունն էլ է ռիթմի ենթարկվում: Այսինքն, արդեն Հովհաննես Թումանյանի ստեղծած ռիթմը շատ հեշտ է երաժշտական ռիթմ դարձնել»:

Վահան Մարտիրոսյանը շեշտում է, որ, ցավոք, թե՛ Կոմիտասի ստեղծագործություններից շատերը, թե՛ Թումանյանի պոեզիայի հիման վրա ծնունդ առած ստեղծագործությունների մեծ մասր հիմա չեն կատարվում․ - «Շատ կոմպոզիտորներ շատ բաներ գրեցին, որոնցից շատերը հետո կորան: Այսօրվա օրով կան կոմպոզիտորներ, որոնց անունը մենք ընդհանրապես չենք լսել, բայց որոնք գոյություն ունեն, և մեր պարտականություններից մեկն է նրանց գտնել նորից, վերականգնել այն ամենը, ինչ գրվել է: Եվ էլի է գրվելու»:

Ոշագրավ է նաև, որ, ինչպես շեշտեց Ռոբերտ Մլքեյանը, այս համերգին կոմիտասյան հոգևոր երաժշտություն չի նախատեսվում:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով, մոտ 1000 հոգու ամար նախատեսված Գառնի գեղատեսիլ տաճարի մոտ կայանալիք համերգը կսկսվի մութն ընկնելուն պես․ - «Համերգը երեկոյան 8-ն այց կես է լինելու, որովհետև մեզ պետք է, որ մթություն լինի, լուսային էֆեկտներն աշխատեն: Էկրանների վրա հետաքրքիր նյութեր կան, որ կարծում եմ բոլորն առաջին անգամ են տեսնելու թե՛ Կոմիտասի հետ կապված, թե՛ Թումանյանի հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG