Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է Ինգըլ-Ռոյս նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնում, որ ընդունված փոփոխությունը նոր խթան կհանդիսանա Ռոյս-Ինգըլ առաջարկությունների իրականացման համար։
«Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում», - նշում է Անի Սարգսյանը իր մեկնաբանությունում՝ համոզմունք հայտնելով, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։
«Դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների կողմից արված առաջարկությունները՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությունը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցություն ստացավ», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակի մեկնաբանությունում:
Ներկայացուցիչների պալատի որոշումը ողջունել է նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատմական է որակել «Պալատի քվեարկությունը հանուն խաղաղության»:
Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր էին ներկայացրել, որը կոչված էր կանխելու հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: Առաջարկվող քայլերն էին՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում:
Տե՛ս նաև այստեղ