Մատչելիության հղումներ

Խաչատրյան քույրերի գործը լայն արձագանք է ստացել Ռուսաստանում․ թեմային անդրադարձել է Reuters-ը


Ռուսաստան - Պիկետ Տոմսկում՝ ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի, 24-ը հունիսի, 2019թ․
Ռուսաստան - Պիկետ Տոմսկում՝ ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի, 24-ը հունիսի, 2019թ․

Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է ծանր հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցի Խաչատրյան քույրերի գործին՝ նշելով, որ նրանց դատավարությունը հասարակության մեջ լայն արձագանք է ստացել:

18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ամռանը:

Չնայած հանցագործության ծանրությանը՝ տասնյակ հազարավոր մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի՝ պնդելով, որ աղջիկները իրենց հոր բռնարարքներից ինքնապաշտպանվելու իրավունք ունեն, մեղադրում, քննադատում են Ռուսաստանի դատաիրավական համակարգին՝ ընտանեկան բռնությունների հանդեպ աչքերը փակելու համար:

230 հազար մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել Խաչատրյան քույրերին:

Աղջիկների փաստաբան, ստորագրահավաքի նախաձեռնող Ալյոնա Պոպովան Reuters-ին ասել է, որ բռնարար հոր հետ ապրող քույրերի պատմությունը ծանոթ պատմություն է և այդ պատճառով սարսափելի է, ու շատ-շատերը՝ ոչ միայն կանայք, այլև՝ տղամարդիկ, ընդունում են, որ սա եզակի դեպք չէ, պարզապես այսքան աղմկահարույց և հանրային է դարձել, որովհետև աղջիկները որոշել են ինքնապաշտպանվել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն անցյալ տարի Խաչատրյան քույրերին մեղադրել է խմբով կանխամտածված սպանություն կատարելու ծանր հոդվածով: Սակայն քույրերին աջակցություն հայտնողները շարունակում են պայքարը, նրանք նաև անհատական ակցիաների են դիմում:

Խաչատրյանների ազատությունը պահանջող արվեստագետ Դարյա Պոլյուդովան ասել է․ - «Խաչատրյանների գործը վերաբերում է բոլոր կանանց, որովհետև կանանց մեծամասնությունը ենթարկվում է ընտանեկան բռնությունների: Տղամարդիկ մինչև հիմա կանանց վերաբերվում են ինչպես առարկայի հետ»:

Ակցիայի մասնակիցները սովորաբար պաստառներով են կանգնում: Հուլիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում ակցիայի մասնակիցների պաստառներին գրված էր՝ «Ես, մենք Խաչատրյան քույրեր ենք»:

Խաչատրյան քույրերի գործը միջազգային արձագանք է ստանում, նաև ասես օրինակ է դարձել Ռուսաստանի օրենսդրության բացերը ի հայտ բերելու համար:

Վերջերս System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է Ռուսաստանի դատաիրավական համակարգին հորդորել ներողամտություն ցուցաբերել Խաչատրյան քույրերի հանդեպ՝ հաշվի առնելով ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանելու համակարգի ձախողումը:

Ռուսաստանում 2017 թվականին ապաքրեականացվել են ընտանեկան բռնություններին վերաբերող օրենքի որոշ դրույթներ: Նոր օրենքով՝ ընտանիքի անդամին ծեծի ենթարկողը, եթե դա արյունահոսություն, արյունազեղումներ, կապտուկներ է առաջացրել, առավելագույնը կպատժվի տուգանքով, եթե մեկ տարվա մեջ չի կրկնվում այդ ծեծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG