Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Արցախին առնչվող երկու ակտ է ընդունել․ Ստեփանակերտը ողջունում է


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է Ինգըլ-Ռոյս նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնում, որ ընդունված փոփոխությունը նոր խթան կհանդիսանա Ռոյս-Ինգըլ առաջարկությունների իրականացման համար։

«Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում», - նշում է Անի Սարգսյանը իր մեկնաբանությունում՝ համոզմունք հայտնելով, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

«Արցախյան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարևորությունը և հանդես եկել շփման գծում լարվածության թուլացման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ տարբեր կառուցողական նախաձեռնություններով։ Որպես վերջին օրինակներից մեկը կարելի է նշել պաշտոնական Ստեփանակերտի պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրել արցախյան կողմի տեղադրած սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Ավելին, շփման գծի մշտական տեսադիտարկման տվյալ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս։
Դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների կողմից արված առաջարկությունները՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությունը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցություն ստացավ», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակի մեկնաբանությունում:

Ներկայացուցիչների պալատի որոշումը ողջունել է նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատմական է որակել «Պալատի քվեարկությունը հանուն խաղաղության»:

Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր էին ներկայացրել, որը կոչված էր կանխելու հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: Առաջարկվող քայլերն էին՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նախաձեռնությանը միացել էին ութ տասնյակի ավելի կոնգրեսականներ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել էին այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Արցախին առնչվող ևս մեկ օրինագծի: Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունն արգելում է ամերիկյան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակության արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել՝ հարվածելու Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերին։

Օրինագիծն անցել է ձայների 234 կողմ, 195 դեմ հարաբերակցությամբ:

«Այս փոփոխության ընդունումից հետո ԱՄՆ նախագահը պետք է հավաստիացնի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրամադրվող որևէ ռազմական նշանակության ապրանք չի կարող սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար», - հայտնել է Բրեդ Շերմանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին:

Հայ դատի գրասենյակը ողջունում է Ներկայացուցիչների պալատի կողմից այս օրինագծի ընդունումը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող օդանավերը խոցելու սպառնալիքներ է հնչեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG