Հայաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում խորին մտահոգություն է հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ:
«Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Անցած շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի Կիպրոս պաշտոնական այցի ընթացքում կողմերը դատապարտել էին Թուրքիայի ոտնձգությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որոնք, նրանց համոզմամբ, խաթարում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը: Արարատ Միրզոյանը Կիպրոսի խորհրդարանում իր ելույթում նույնպես անդրադարձել էր տվյալ խնդրին՝ շեշտելով, որ Թուրքիայի գործողություններն ապակառուցողական և անօրինական են: