Մատչելիության հղումներ

«Մի հատ մեր պառլամենտի քննարկումները նայեք, ադեկվա՞տ է տարածաշրջանի խնդիրներին»․ Մարուքյանը՝ իշխող խմբակցությանը


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն այսօր սպառվեց թեժ քննարկմամբ: Խնդրո առարկան վարչապետի աշխատակազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) լիազոր ներկայացուցչի հաստիքով վարչական պաշտոն և վերջինիս աջակցող գրասենյակ ստեղծելու օրենքի նախագիծն էր: Քննարկվում էր երկրորդ ընթեցմամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ՄԻԵԴ-ի վարչությունը Արդարադատության նախարարության համակարգից տեղափոխվի վարչապետի աշխատակազմ: Այս փոփոխությունը լավագույն օրինակն է, որ շարունակվում է նախկին իշխանության մտածողությունը: Վրդովվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

«Մի հատ հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչի ենք էս օրենքը ընդունում, ինչի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչը առանձնանում։ Ի՞նչի համար է առանձնանում, ո՞վ գիտի», - ասաց Մարուքյանը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երեկվա նիստում, «Լուսավորը» դեմ էր քվեարկել, ԲՀԿ-ում ազատ քվեարկություն էր։

«Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, ունենալ բաժնի պետեր, նախարարները լինեն բաժնի պետեր և խորհրդարան ընդհանրապես չգան և լինի խորհրդարան ու վարչապետ կամ էլ ցրենք խորհրդարանը` լինի վարչապետ», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Օրենքի փոփոխությունը անհրաժեշտություն է, նախկինում համատեղության կարգով էր, և Արդարադատության նախարարությունը զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Մինչդեռ ՄԻԵԴ-ում Հայաստանի անելիքը շատ է, հակադարձեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Շատ դեպքերում, այո, ծանրաբեռնված գրաֆիկի շրջանակներում հնարավոր չէ ունենալ այն մոտեցումները Եվրոպական դատարանում, որոնք մեզ անհրաժեշտ էին, իսկ Եվրոպական դատարանում մենք դեռ անելիքներ ունենք և՛ մեր քաղաքացիների իրավունքների հետ կապված, և՛ որոշ անպատասխանատու երկրների կողմից շատ մեծ քանակությամբ հայցեր ներկայացնելու առնչությամբ», - ասաց Վարդանյանը։

Այս փոփոխությամբ հստակեցվել են որոշ պահանջներ: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի նվազագույն տարիքային շեմն է բարձրացել՝ 25-ից դարձել 30 և աշխատանքային փորձը հստակցվել: Հինգ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։ Պարտադիր է նաև ներկայացուցչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Այս առաջարկները «Բարգավաճ Հայաստան» խմբացությանն են և քանի որ ընդունվել են, ԲՀԿ-ն այսօր կողմ քվեարկեց, «Լուսավորը»՝ կրկին դեմ:

Իշխանական պատգամավոր, 28-ամյա Վաղարշակ Հակոբյանին տարիքային և մասնագիտական փորձառության շեմը զայրացրել է:

«Էս խորհրդարանի միջին տարիքը 36 տարեկան է, մի հատ օրենք ընդունեք, որ 40 տարեկանից բարձր պատգամավոր լինելու իրավունք չունեն, ձեր դուրը կգա՞», - նշեց Հակոբյանը։

«Ժողովուրդ, մեր հարևան Իրանը պայմանավորվածությունները ոնց որ թե սկսում է փոխել Եվրամիության հետ, Միացյալ Նահանգները դուրս է եկել այդ գործարքից։ Տարածաշրջանը լարված է, Վրաստանում տեսնում եք ինչ է կատարվում, Ադրբեջանը ամեն օր պատրաստվում է հարձակվի մեզ վար, մի հատ մեր պառլամենտի քննարկումներին նայեք էլի։ Էս պառլամենտը ադեկվա՞տ է այս իրավիճակին», - արձագանքեց Մարուքյանը։

Օրենքն ամբողջությամբ ընդունվեց 72 կողմ, 21 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Խորհրդարանն ավարտեց աշխատանքը: Հուլիսի 15-ից մեկ ամսով արձակուրդում է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG