Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտական կոլեկտիվները ստորագրեցին Համագործակցության հուշագիր


Դասական երաժշտության մեր լավագույն ներկայացուցիչները բազմիցս են ընդգծել, որ ոլորտում զարգացման համար լուրջ բարեփոխումների կարիք կա, և առանց բարեփոխումների, այդ թվում և ֆինանասական ոլորտում, առավել բարդ, եթե ոչ անհնարին է լինելու զարգացում ապահովել:

Դեռ անցյալ տարվանից «Իմ քայլը» հիմնադրամը աջակցում մեր լավագույն նվագախմբերին ու երգչախմբերին՝ մեկ տարուց պակաս ժամանակահատվածում շուրջ 515 միլիոն դրամ գումար տրամադրելով նրանց տարբեր ծրագրերի իրականացման համար:

Այսօր էլ, ահա, Արամ Խաչատրյան համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Համագործակցության հուշագիր կնքեց Հայաստանի երաժշտական լավագույն կազմակերպությունների հետ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարների հետ:

Հուշագիրը ստորագրվեց 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը մեկ նպատակ ունի՝ ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը տարբեր ուղղություններով՝ թե՛ ֆինանսական հոսքերի ավելացմամբ, թե՛ տեղեկատվական հասանելիության մեծացմամբ, նորարարական լուծումների ներդրմամբ, զբոսաշրջության զարգացմամբ և այլն:

«Եթե բոլորս կատարենք մեր պարտավորությունները, ինչպես նշված է հուշագրում և նույնիսկ մի քիչ էլ ավելին, կարճ դասական երաժշտությունը Հայաստանում բոլորովին նոր մակարդակի կբարձրացնենք: Այն որակը, որ մենք ունենք Հայաստանում, այն որակը, որ մատուցում է, օրինակ, ֆիլհարմոնիկ նվագախումբը, այն կատարելության հասնող որակը, որ մատուցում է Չեքիջյանի անվան ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք դրանց հետ այնպես վարվել, ինչպես վարվում էինք մինչև հիմա մեր երկրում: Որովհետև դա ոչ թե մեր հարստությունն է, դա այն է, ինչը մենք պետք է, ժամանակակից լեզվով ասած, վաճառենք աշխարհին և թանկ վաճառենք: Բայց դա ջանք է պահանջում, աշխատանք է պահանջում: Մինչև հիմա բոլորը այստեղ ինչի որ հասել են, հասել են սեփական քրտինքի, նախաձեռնողականության և ըստ էության առանց աշխատավարձի աշխատելու կամ մինիմում ֆինանսական միջոցներով մաքսիմումն անելու ճանապարհով: Մեզ համար կարևոր է ոչ միայն մինիմում խնդիրները լուծել, այլ դրանք լուծելով հանդերձ՝ մեր առաջ դնել շատ ավելլի մեծ նպատակներ», - հուշագրի ստորագրման արարողության ժամանակ շեշտեցո ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ դիմելով հուշագրի ստորագրմանը մասնակցող մեր լավագույն արվետագետներին՝ Հովհաննես Չեքիջյանին, Էդվարդ Թադևոսյանին, Կոնստանդին Օրբելյանին, Ստեփան Ռոստոմյանին, Սոնա Հովհաննիսյանին, Էդվարդ Թոփչյանին, Սերգեյ Սմբատյանին, շեշտեց․ - «Մեզ բոլորիս էստեղ համախմբել է համոզմունքը, որ դասական, ակադեմիական արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը ոչ միայն պետք է պահպանել, այլ նաև պետք է զարգացնել: Այդ հարստությունը կարող է նաև օգնել մեզ հարստացնել մեր երկիրը, մեր պետությունը: Մենք կարող ենք դա իրականություն դարձնել համատեղ ուժերով՝ սերտորեն միմյանց հետ համագործակցելով»:

Հուշագրի ստորագրմանն այսօր ներկա էր և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա համոզմամբ, այսօր ականատեսն ենք մի շատ կարևոր իրադարձության․ - «Ունեմ այն համոզումը, որ այս ծրագրի բարեհաջող ընթացքի արդյունքում մենք կարողանալու ենք է՛լ ավելի բարձրացնել մեր ստեղծագործական կազմակերպությունների ճանաչելիությունը, հեղինակությունը հասարակական, ավելի բարձրացնել միջազգային ներկայացվածությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Մեծ հաշվով, լուծելու ենք մի շատ կարևոր խնդիր, որ բխում է նաև պետական քաղաքականության տրամաբանությունից․ ծայրահեղ կախվածությունը պետական կառույցների պետական բյուջեից նվազեցնել և ստեղծել հնարավորություններ, որ ստեղծագործական կոլեկտիվները կարողանան նաև ինքնուրույն հոգալ այն ծախսերը, որոնք ամեն օր հանդիպում են աշխատանքի ընթացքում»:

Հուշագրի ստորագրումից հետո հավաքված արվեստագետների անունից մաեստրո Հովհաննես Չեքիջյանն իր երախտագությունը հայտնեց հիմնադրամի ղեկավարներին․ - «Ես պետք է ասեմ իմ կողմից իմ խորին շնորհակալությունը, որովհետև առանց այդ օժանդակությունների դժվար է շատ, նույնիսկ անհնարին, ցուցադրել կլասիկ երաժշտություն: Դասական երաժշտությունը իր պահանջները, աշխարհի բոլոր տեղերում իր գինը ունի: Մեզ մոտ այդ գինը շատ ցածր է՝ սկսած տոմսերի արժեքներից, եթե համեմատության դնենք: Բայցևայնպես, մեր գործունեության շարունակումը առանց այդ օժանդակության հնարավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG