Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատում Դոնալդ Տուսկի հետ քննարկումները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ քննարկումները։

Այսօր համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց, որ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումների վերաբերող հարցեր։

«Ես վերահաստատեցի օերնքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը։ Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը, ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ընդգծել է ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը։

«Երկուստեք ընդգծվեց ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից շուտափույթ վավերացնելու կարևորությունը», - ասաց Փաշինյանը։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ երկրներից համաձայնագիրը մինչ օրս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան:

Տուսկն ու Փաշինյանն այսօր անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին։

Նշենք, որ Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ, նա երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, վաղը կմեկնի Բաթումի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG