Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Սարաևո։
Էրդողանի թիկնազորը խնդիրներ է ունեցել Սարաևոյի օդանավակայանի սահմանապահ ոստիկանների հետ։
«Նրանք ագրեսիվ էին և իրենց պահում էին ինչպես սեփական երկրում։ Նրանք չէին հարգում մեր օրենքը և արժանի էին ձերբակալման», - գերմանական «Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ, տեղական «Դնևնի Ավազ» կայքին ասել է Բոսնիային սահմանային ոստիկանապետ Զորան Գալիչը։
Միջադեպը հարթվել է, երբ սկսվել է Էրդողանին դիմավորելու արարողությունը։
Մեծամասնությամբ մահմեդական բնակչություն ունեցող Բոսնիան հինգ դար շարունակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում և հիմա էլ շատ սերտ հարաբերություններ է պահում Թուրքիայի հետ։
Սարաևո ժամանելուց քիչ անց Էրդողանն այցելել է թուրք զինվորներին, որոնք Եվրամիության գլխավորած խաղաղապահ առաքելության կազմում տեղակայված են այնտեղ։
Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Հարավսլավական պատերազմի ժամանակ՝ 1995 թվականին Սերեբրինիցայում սպանված շուրջ 8 հազար բոսնիացի մահմեդականների հիշատակին։
Էրդողանը երկօրյա այցով Սարաևոյում էր՝ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա ելույթ է ունեցել և մասնավորապես ասել, թե Թուրքիան անգնահատելի ավանդ է ներդրել ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման համար, մասնավորապես, Բալկանյան տարածաշրջանում, բայց եվրոպական երկրներից չի ստացել ակնկալվող աջակցություն։
Նա ասել է, թե եվրոպական երկրները նույնիսկ չեն կարողանում պայմանավորվել միգրանտներին ընդունելու քվոտաների շուրջ, իսկ Թուրքիան ավելի քան 4 միլիոն միգրանտներ է ընդունել, նրանց կարիքները հոգալու համար 37 միլիարդ դոլար է ծախսել, 99 տոկոսով կրճատել է անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրոպա, սակայն այդ բարդ գործընթացում Անկարան չի զգացել եվրոպական երկրներից ակնկալվող աջակցությունը, դժգոհել է նա։
Էրդողանը խոսել է Սարաևոյում անցակցված «Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթաց» անվանումով կազմակերպության համաժողովում։
1996 թվականին ստեղծված այդ կազմակերպությունում Արևելյան Եվրոպայի և Բալկանների 13 երկիր են ընդգրկված, ինչպես նաև Թուրքիան։
Հուլիսի 9-ին համաժողովն ավարտվել է, ընդունված բանաձևում նշված է, որ «Եվրոպայի հարավարևելյան տարածաշրջանի անվտանգությունն ամբողջ Եվրոպայի անվտանգության և կայունության հիմնական պայմաններից մեկն է» և նաև նշված է, որ «տարածաշրջանի երկրների ամենալավ ապագան՝ հեռանկարը, Եվրամիությանն անդամակցելն է»։