Մատչելիության հղումներ

Հարցում․ Հայաստանում հեղափոխական էյֆորիան մարել է, սպասելիքները մնում են


Հայաստանի հանրության 60 տոկոսը կարծում է, որ երկիրը ճիշտ ողղությամբ է առաջ շարժվում: Այս ցուցանիշը, նախորդ տարվա հոկտեբերի համեմատությամբ, անկում է ապրել 12 կետով:

Սա՝ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նոր հարցման, որն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Իսկ տվյալներն այստեղ՝ Հայաստանում հավաքագրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան մայիսին` սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

«Սոցիոլոգիական հարցումները անում ենք Միացյալ Նահանգների «Գելափի» հետ: Կոնկրետ հետսովետական երկրներում՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ» կազմակերպության հետ», - մասնավորեցրեց Պողոսյանը:

Հարցումներ անցկացվել են ողջ երկրում՝ 18-ից բարձր 1200 բնակիչների հետ դեմ առ դեմ հարցազրույցներով:

Ընդարձակ այս հետազոտությունը, ըստ Պողոսյանի, մեկ բան է ցույց տալիս՝ հեղափոխական էյֆորիան մարել է, սպասելիքները մնում են․ - «Հեղափոխության պիկի և մեկ տարի անց ժամանակաշրջանը համեմատել էլ նույնիսկ չի կարելի, որովհետև մարդիկ շատ բան են սպասում, բայց ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեկ տարում անել էդքան էլ հնարավոր չի»:

Այսպես, պետական ինստիտուտների գործունեության հանդեպ վստահության սանդղակում առաջին տեղում նախագահի գրասենյակն է՝ 81 տոկոսով, հաջորդում է բանակը, ապա Վարչապետի գրասենյակը՝ 72 տակոսանոց վստահությամբ, Հայ առաքելական եկեղեցին և հետո՝ խորհրդարանը․ - «Նախագահը որպես անձնավորություն շատ լավ ընկալվեց հենց սկզբից: Իր նկատմամբ իսկապես շատ պոզիտիվ, շատ դրական մոտեցումներ կան, լավ են ընկալում և բարձր են գնահատում՝ հաշվի առնելով իր անցյալը, իր հնարավորությունները: Մյուս կողմից, կառավարությանն ինչու է ավելի քիչ, որովհետև ամեն ինչ սպասվում է կառավարությունից, ռեալ գործը այսօր, ռեալ որոշումները գալիս են կառավարությունից»:

Հարցվածները նաև թվարկել են, թե որոնք են համարում կառավարության հաջողությունները․ առաջին տեղում կոռուպցիայի նվազումն է, ապա՝ մարդկանց հոգվիճակի բարելավումը, երրորդ տեղում որպես հաջողություն նշել են Հանրապետական կուսակցության հեռացումը:

Հետաքրքիր է մեկ այլ պատկեր․ եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեին հարցվածները: Առաջին տեղում «Իմ քայլն» է՝ 59 տոկոս, երկրորդում՝ «Բարգավաճ Հայաստանը» (12 տոկոս), երրորդում՝ Հանրապետականը (5 տոկոս):

Գևորգ Պողոսյանն այս ցուցանիշը նույնպես տրամաբանական է համարում․ - «Այդ 5 տոկոսը, որ տալիս են, ես կարծում եմ, հետո ավելի շատ կտան: Եվ կասեմ ինչու: Որովհետև հիմա ամենասուր քննադատությունը գալիս է էդ կողմից: Եթե մենք խոսենք ընդդիմություն - իշխանություն դիսկուրսով, ապա ամենաընդգծված ընդդիմությունը, որը պառլամենտական չի, բայց այնուամենայնիվ գոյություն ունի, դա Հանրապետականն է»:

Ո՞ր կուսակցությունների օգտին երբեք չեք քվեարկի: Առաջատարը Հանրապետականն է՝ 56 տոկոսով: Իսկ որո՞նք են կառավաության ձախողումները: Հարցվածների 22 տոկոսը նշել է վատ կառավարումը, 9 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը: Ի դեպ, 27 տոկոսը որևէ ձախողում չի գտել:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունից առաջիկա 6 ամսվա ակնկալիքները հանրության շրջանում սոցիալական են՝ աշխատատեղերի ստեղծում, թոշակների, աշխատավարձերի ավելացում: Արցախյան հիմնախանդրի լուծման ակնկալիքը վեցերորդ տեղում է:

Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ տնտեսական բարեփոխումներն արագ կատարվեն և ոչ աստիճանաբար: Չնայած նրանց 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, բայց միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական սոցիալական վիճակի մեջ։

Նվազել է այն մարդկանց տոկոսը, ովքեր հավատում են, թե կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա. 72 տոկոսից այս ցուցանիշը հասել է 53 տոկոսի։

Գևորգ Պողոսյանի կարծիքով, պատճառն այն է, որ մարդիկ պրոցեսների վրա ազդելու հնարավորություններ չունեն․ - «Մարդիկ ուզում են մասնակցեն իրենց քաղաքի, երկրի, գյուղի կառավարմանը: Բայց քանի որ խողովակները չկան՝ պաշտոնական խողովակներ, հաստատված խողովակներ, որպեսզի մարդիկ գտնեն, թե ինչպես կարող են մասնակցել: Միայն ընտրությունների միջոցով հինգ տարին մեկ դա մասնակցություն չի: Դրա համար ստիպված դիմում են այս ծայրահեղական՝ փողոցը փակենք, շենքը շրջափակենք, պահանջենք․․․ Այսինքն, սրանք ինքաբուխ գործող բողոքական միջոցներ են»:

Ինչպիսի՞ տրամադրություններ են գերիշխում Հայաստանում: Հարցվածների 69 տոկոսը լավ ապագայի հույս ունի, 20 տոկոսը այնքան էլ լավատես չէ, իսկ 7 տոկոսը հիասթափված է, անհանգիստ ու ապագայի հանդեպ վախով:

Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում հարցվածներին: Պատերազմը, արցախյան հակամարտությունը։

Կոռուպցիայի մակարդակը տարբեր օղակներում․ հարցման մասնակիցներն առաջին եռյակում նշել են դատարանները, հարկային ոլորտը, բուժհաստատությունները։

Կոռուպցիայի դեմ կառավարության ջանքերը բավարար է գնահատել հարցվածների 59 տոկոսը։

Այս ուսումնասիրության մեջ անփոփոխ է այն երկրների ցանկը, որոնք մարդկանց ընկալմամբ Հայաստանի քաղաքական գործընկերներն են․ - «Առաջին տեղում Ռուսաստանն է, հետո Ֆրանսիան, Վրաստանը, Եվրամիությունը: Մի քիչ ավելի քիչ ավելի քիչ Միացյալ Նահանգներն են»:

Համայնքային խնդիրներից առաջին պատվավոր տեղում աղբն է, ապա գործազրկությունը, ճանապարհների ու տրանսպորտի վիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG