Մատչելիության հղումներ

Դոնալդ Տուսկ. «Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական լուծում չունի»


«Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». սրանք էին այն հիմնական ուղերձները, որոնցով այսօր Բաքու էր ժամանել ԵՄ ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ադրբեջանի մայրաքաղաքում ԵՄ ղեկավարը հանդիպեց Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաև՝ դեմ առ դեմ ձևաչափով:

«[Ղարաբաղյան հիմնահարցը] չունի ռազմական լուծում, այլ բացառապես քաղաքական կարգավորում` հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Եվրամիությունը շարունակում է լիակատար աջակցություն հայտնել Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք կենտրոնացել են հարցի արդարացի և տևական լուծման վրա, որի հիմքում պետք է լինեն Հելսինկիի հռչակագրի հիմնարար սկզբունքները», - հայտարարում էր Դոնադ Տուսկը` հարկ համարելով սակայն հատուկ ընդգծել․ - «Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, ի դեպ, Բրյուսելը պատրաստվում է ջանքեր գործադրել հայկական և ադրբեջանական հասարակություններին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը նախապատրաստելու ուղղությամբ:

«Եվրամիությունն արդեն իսկ աջակցում է խաղաղության հաստատամանն ուղղված գործողություններին և պատրաստ է աջակցել նաև [երկու երկրների] բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերին», - նշում էր Դոնալդ Տուսկը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցությունների ավարտին կրկին պնդում էր, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության գլխավոր պատճառը Երևանն է:

«Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է այն հիմնական պատճառը, որի հետևանքով հակամարտությունը դեռ լուծված չէ: Վստահ եմ, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Միսնկի խմբի ջանքերը պետք է ուղղված լինեն խնդրի շուտափույթ լուծմանը: Ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի, այդ փոփոխոթյունն իր հերթին Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի սկիզբն է նշանակում», - նշում էր Ալիևը:

Ադրբեջանի նախագահը այսօր կրկին հայտարարում էր, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի նախկինում միջազգային կառույցների, նաևառաջ ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում տեղ գտած պահանջների հիման վրա:

«Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա», - նշում էր Ադրբեջանի նախագահը:

Վաղն արդեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կժամանի Երևան, որտեղից հուլիսի 11-ին կմեկնի Բաթումի:

Հինգշաբթի օրը Աջարիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG