34 սիմֆոնիկ, 3 կամերային համերգ, հյուրախաղային 5 համերգ՝ ավելի քան 50 հազար հանդիսատես, 23 համերգ օն-լայն հեռաձակմամբ՝ ավելի քան 1 միլիոն առցանց դիտում․ ահա 2018-2019 թվականի համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագախմբի ստեղծագործական գործունեության արդյունքները, որոնք ներկայացնում է նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ նվագախումբը այս համերգաշրջանի ընթացքում հանդես է եկել նաև մարզերում:
Բացի այդ, այս մեկ տարվա ընթացքում կատարել են նաև հայ կոմպոզիտորների 26 ստեղծագործություններ, որոնցից հինգը հնչել է առաջին անգամ:
Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 13-րդ համերգաշրջանը հետևյալ կերպ գնահատեց․ - «Շատ հետաքրքիր, գեղարվեստական առումով դժվար, բայց հաղթահարված համերգաշրջան»:
Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով, որի ընթացքում հնչելու է Բրուկների 4-րդ սիմֆոնիան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կամփոփի 13-րդ համերգաշրջանը:
«Ամենառոմանտիկ սիմֆոնիաներից մեկը պետք ա հնչի՝ Բրուկների 4-րդ սիմֆոնիան: Մենք պետք ա կարողանանք այս ֆորմատով, որ համերգին կատարում ենք միայն մեկ սիմֆոնիա, ցույց տանք, որ ծրագիրը կարող է լինել հետաքրքիր: Ինչո՞ւ չէ, որ մեր հանդիսատեսը կարող է գալ համերգի՝ ուղղակի լսելու Բրուկների 4-րդ սիմֆոնիան», - համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սերգեյ Սմբատյանը:
Նա շեշտեց, որ նվագախումբը համագործակցել է Հայաստանից և արտերկրից ճանաչված մենակատարների հետ․ վերջին համերգաշրջանի ընթացքում նրանց թիվը 33 է եղել 16 երկրներից:
Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս չկրկնվող նվագացանկով: Առանձին համերգներով նշվել են նաև հայ արվեստի մեծերի հոբելյանները՝ Կոմիտասի ծննդյան 150, Ավետ Տերտերյանի 90 և Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանները:
Այս ամենին պետք է հավելել նվագախմբի ծավալած փառատոնային գործունեությունը Հայաստանում և Մալթայում, նաև մի շարք հատուկ ծրագրեր, մոտ 5 տասնյակի հասնող տեսաձայնագրություններ և ձայնագրություններ․ - «Փառատոները շատ կարևոր են նվագախմբի համար, որովհետև Հայաստանում չէր կարող չլինել Խաչատրյանի փառատոն: Այս տարի նույնպես եղավ 6-րդ փառատոնը՝ 8 համերգ, 8 հազար հանդիսատես»:
2018-2019 թվականների համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացրեց նաև մի նոր կրթական ծրագիր, որը կոչվում է «Դաս A»: Այն ուղղված է մեկ նպատակի՝ ավագ դպրոցի երեխաներին ներկայացնել և ընկալելի դարձնել դասական երաժշտությունը՝ ոչ միայն ապագայում լավ ունկնդիր ունենալու համար, այլ նաև լավ քաղաքացի ունենալու համար: Որովհետև, ինչպես նշում է այս ծրագրի մտահղացման հեղինակ Սերգեյ Սմբատյանը, դասական երաժշտությունը մտածողություն է փոխում և չափազանց մեծ նշանակություն ունի մարդու զարգացման համար առհասարակ․ - «Երեխաները ունեն հնարավորություն մեր պրոեկտի միջոցով, ունեն հավելված, որով կարող են ուղարկել ինֆորմացիա, որ իրենք ուզում են գալ համերգի, և նույնիսկ բերեն իրենց հետ ծնողներին: Այսինքն երեխան էդ տարիքում, լինելով նախագծի մեջ, օգտվելով այդ հավելվածից, կարողանում ինտեգրել նաև իր ընտանիքին՝ ցույց տալով, որ իր դերը պրոեկտի մեջ կարևոր ա»: