Մատչելիության հղումներ

Ավարտվեց վարչապետ Փաշինյանի այցը Սինգապուր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվեց, օրվա երկրորդ կեսին Հայաստանի վարչապետի օդանավը մեկնեց Երևան:

Այսօր Փաշինյանին ընդունեց Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինը: Վարչապետն իր խոսքում շեշտեց, որ էական նախադրյալներ կան թափ հաղորդելու տնտեսական համագործակցությանը: Ապա Նիկոլ Փաշինյանը հանդիպում անցկացրեց Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդում:

Այս օրերին Փաշինյանը տնտեսական ոլորտի մի քանի հանդիպումներ ունեցավ, Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի ընդամենը 2.2 միլիոն դոլարի ապրանք, որից 1.5 միլիոն դոլարը Հայաստանի ներմուծումն է, չնչին մի մասն էլ արտահանումը:

Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի հանդիպումների արդյունքով Երևանը և Սինգապուրը ստորագրեցին զբոսաշրջության, կրթության, բնապահպանության ոլորտում համագործակցության հուշագրեր և կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսապես աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի` Սինգապուրի հետ առևտրի ու ներդրումների աճը հնարավոր է զարկ տալ, քանի որ վերջին մեկ տարում Հայաստանում իրականացվել են էական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում, ներդրողներին պաշտպանելու, արդարադատության հաստատման համար: Փաշինյանի շեշտեց, որ Հայաստանը Սինգապուրի պես բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում է, չունի բնական հարուստ ռեսուրսներ, բայց սինգապուրյան տնտեսական հրաշքը հնարավոր է նաև Հայաստանում, իսկ այժմ պետությունը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի շեմին։

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Սինգապուրի բուսաբանական այգում էր, Սինգապուրի ազգային խորհրդանիշ ծաղկի՝ խոլորձի մի նոր տեսակ անվանակոչվեց Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ անունով:

Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը եղեգնուտում հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, հենց նրա պատվին էլ ծաղիկն անվանակոչվել է:

Փաշինյանն այս այցի ընթացքում մասնակցեց ծաղկի արձանի բացմանը` Սինգապուրի հայկական փողոցում:

Հիշեցնենք, որ ասիական այս տարածաշրջան այցը Նիկոլ Փաշինյանը սկսել էր սոցիալիստական Վիետնամից, այստեղ էլ բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունել որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման մասին, գերատեսչական նիստի րջանակում կանցկացվի նաև հայ-վիետնամական բիզնես ֆորում:

Վիետնամի հետ Հայաստանի առևտրաշրջանատությունը համեմտաբար բարձր է, վերջին տարիներին էլ աճ կա, անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG