«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովը էն քաղաքական մարմինն ա պառլամենտական երկրում, որը ճգնաժամից դուրս գալու ելքեր պետք ա գտնի՝ քաղաքական մյուս ուժերի հետ միասին», - ասաց նա:
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը դատարանում ստեղծված ճգնաժամի մասին հունիսի վերջին ծավալուն նամակ է ուղարկել Ազգային ժողով, Կառավարություն, Դատավորների ընդհանուր ժողովին և Հանրապետության նախագահին: Լուծման երեք տարբերակ է առաջարկել:
Նույն օրը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միզրոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նամակն ուղարկելու է բոլոր պատգամավորներին և խորհրդարանում քննարկումներ են սկսվելու: Ավելի քան տասն օր անցել է, բայց քննարկումներ դեռ չկան:
«Լինելու է քաղաքական կոնսուլտացիան: Ենթադրում եմ քաղաքական լիդերների կողմից, այսինքն խմբակցության ղեկավար կլինի, Ազգային ժողովի նախագահ, տեղակալներ, մյուս քաղաքական թիմի ղեկավար, քարտուղարներ․․․ Քաղաքական թիմի լիդերների հետ կոնսուլտացիաներ կիրականացնեն: Կոնսուլտացիաների արդյունքում ձեռք ա բերվում համաձայնություն», - ասաց Բաղդասարյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է, որ խորհրդարանական գործընկերների հետ միջանցքներում թեմայով քննարկումներ լինում են, պաշտոնապես՝ դեռ ոչ:
Եթե պաշտոնապես առաջարկեն, չեն առարկի, թեև այս հարցում կոնկրետ ինքը հստակ դիրքորոշում ունի․ - «Որպես իրավաբան, իրավունք ունի մեկնաբանություն տա, և էդ մեկնաբանությունը ևս կյանքի իրավունք ունի: Առավել ևս, որ նման մեկնաբանությունը կիսում են նաև իմ կողմից հարգված մի քանի այլ իրավաբաններ: Սա նորմալ է: Բայց ես անձամբ այդ մեկնաբանությունը չեմ կարող կիսել: Եթե քննարկման առարկա լինի, ապա միակ առարկան պետք է լինի՝ արդյոք առկա՞ է խնդիր, թե՞ առկա չէ: Նոր դրանից հետո եթե որոշեցին, որ առկա է խնդիր, պետք է մտածենք էդ խնդիրների լուծման մասին: Բայց եթե քննարկման արդյունքում որոշեցին, որ խնդիր առկա չէ, բնականաբար, լուծման տարբերակներն էլ չենք քննարկի»:
Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է, որ կոնսենսուս կլինի խորհրդրանական խմբակցությունների միջև: Փաստերը, ըստ նրա, անխժտելի են․ - «Ճգնաժամը դա գնահատական ա, իսկ փաստերը․․․ կարող են բոլոր կողմերը համաձայնվեն էդ փաստերի շուրջ, և մեկը էդ փաստը կոչի նորմալ երևույթ ա, մյուսը կոչի, որ ճգնաժամ ա: Դա երկրորդական դեր ա խաղում: Կարևորը փաստերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, իսկ փաստերի շուրջ, իմ կարծիքով, որոշակի համաձայնություն կա»:
Ընդդիմադիր Տարոն Սիմոնյանը իշխանական գործընկերոջ հետ մի հարցում է համաձայն․ Սահմանդրական դատարանում խնդիր կա միայն Հրայր թովմասյանի ընտրվելու հետ կապված․ - «Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում էր, և ես էլ էն ժամանակ որպես փորձագետ, փաստաբան բարձրաձայնել եմ, որ սա Սահմանադրության ոգուն համապատասխան չէ: Երբ որ պարոն Թովմասյանը այդ ընթացակարգով ընտրվեց՝ հաշվի առնելով նա, որ քաղաքական գործիչ էր նա, այսինքն քաղաքական կաշկանդվածություն ուներ, ինչը անհամատեղելի է Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, նախագահի պաշտոնի հետ: Եվ երկրորդը, որ չսպասեցին, որ սահմանադրական փոփոխությունները, որի հեղինակներից մեկը հենց ինքը պարոն Թովմասյանն էր, ուժի մեջ մտնի այդ մասով, նոր ինքը մասնակցի այդ ընտրություններին, և այդ պարագայում նրա վրա կտարածվեր փոփոխություններով պայմանավորված այդ 12 տարվա ժամկետը: Եվ այս իմաստով ես գտնում եմ, որ նրա կողմից կատարված քայլը միգուցե տառին համապատասխան էր, բայց ոգուն համապատասխան չէր»:
Դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման երեք ճանապարհ է առաջարկել: Նրա հիմնավորմամբ՝ սահմանադրական ճգնաժամը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն:
Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում:
Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։
Թե որ տարբերակն է ուրվագծվում, Նիկոլայ Բաղդասարյանը փակագծեր չի բացում․ - «Կարծում եմ, որ արդեն ուրվագծվում են որոշ հաղթահարման սկզբունքներ, ուղենիշներ: Եթե մենք գնանք էն մոտեցմամբ, որ ձեռք բերվի կոնսենսուսային մոտեցումներ տարբեր քաղաքական ուժերի մոտ, կարծում եմ, որ հնարավոր ա այնպիսի լուծում գտնել, որպեսզի մեծ ցնցումներ չառաջացնենք»:
Ընդդիմադիր Տարոն Սիմոնյանն էլ շեշտեց, թե Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ իր անձնական դիրքորոշումն է հայտնում: Խմբակցության դիրքորոշումը քննարկումներից հետո՝ եթե լինեն: