Մատչելիության հղումներ

Սևանից վերցված փորձանմուշի վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին. Արսեն Թորոսյան


Սևանից վերցված փորձանմուշի վերջնական եզրակացությունը առաջիկա օրերին պատրաստ կլինի, այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում։

«Ազատություն». - Սևանի ջրից վերցրած փորձանմուշը ի՞նչ ցույց տվեց և հիմա Սևանում լողալն անվտա՞նգ է։

Թորոսյան. – Վերջնական եզրակացություն ունենալու համար դրա վերաբերյալ ժամանակ է պահանջվում, որովհետև լաբորատոր փորձաքննությունները ժամանակ են պահանջում անելու համար։ Մենք, հայտնի դառնալուն պես, անպայման կկիսվենք հանրության հետ և կոչ կանենք համապատասխան միջոցներ ձեռք առնելու, եթե դրա կարիքը լինի։ Անցյալ տարի մենք ասել էինք, որ այն հատվածներում որտեղ այսինչ-այսինչ տարբերությունը մյուս հատվածների հետ, մի լողացեք, լողացեք մաքուր հատվածներում։ Ես մաքուր հատվածում լողացել էի՝ ցույց տալով, որ, այո, կան տեղեր, որ խորհուրդ չենք տալիս, որ լողան և կան տեղեր, որտեղ հնարավոր է լողալ։ Էս խնդիրը ընդհանրապես, երևի շատ եք լսել, որ ամբողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը, այդ թվում և Հայաստանում, և խնդիրը առկա է թե՛ ծովերում, թե՛ լճերում, այդ թվում և Սևանում։ Կարծում եմ՝ թե՛ մեր նախարարությունը, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան հայտարարություն կանեն, ըստ իրավիճակի, որպեսզի ո՛չ մեր քաղաքացիները տուժեն, ո՛չ անհարկի պանկիա մտցնեք էդ քաղաքամերձ շրջանում, եթե դրա կարիքը չկա։

«Ազատություն». – Ամեն դեպքում, որպես առողջապահության նախարար հուսանք չեք հորդորում կանաչ ջրում լողալ այս պահին։

Թորոսյան. – Ես հորդորում եմ լողալ մաքուր հատվածում, բայց կոնկրետ հատվածներից վերցրած փորձանմուշների վերջնական եզրակացությունների մասին տեղեկատվություն կհաղորդենք հավանաբար կա՛մ վաղը, կա՛մ մյուս օրը։

«Ազատություն». – Վերջին օրերին տեղի ունեցած ավտովթաների դեպքերով Ձեզ շատ քննադատեցին, մասնավորապես, երբ լրագրողներին անուններ չեք ասում։ Հասկանալի է, որ սա բժշկական էթիկայի առումով ճիշտ է, բայց գուցե անուններ չտալն էր պատճառը, երբ դեզինֆորմացիա էր լրատվամիջոցներից մեկով տարածվել, որ տուժածներից մեկը մահացել է, այնինչ հարազատները լրագրողներին են ասել, որ մահացել է, բայց հետո պարզվել է՝ մահացած չէ։ Իդենտիֆիկացնելու համար գուցե արժի՞ ինչ-որ կերպ օգնել լրատվամիջոցներին։

Թորոսյան. – Իրականում Դուք հիմա բարձրացնում եք շատ մեծ և լայն խնդիր՝ բժշկական գաղտնիքի խնդիրը, որը Հայաստանում այդքան էլ չի հարգվում։ Մեր խնդիրը մարդկանց կյանքերը փրկելը, առողջությունը պահպանելն է կոնկրետ դեպքով և անուն հրապարակել չհրապարակելը միայն կարելի է դիտարկել այդ տեսանկյունից։ Եթե մենք ունենայինք մի տուժած, որի անունը հրապարակելը թույլ կտար նրա առողջությունով ավելի լավ զբաղվել, մենք, իհարկե, կհրապարակեինք։ Բայց եթե այդպես չէ, հրապարակելը խախտում է այդ մարդու բժշկական անձեռնմխելիությունը։ Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին նմանատիպ հարցումներ չանել ո՛չ մեր գերատեսչությանը, ո՛չ հիվանդանոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG