Վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նախնական վարկածով հանդիպակած երթևեկած «Տոյոտա» մեքենայի վարորդը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները 1956 թվականին ծնված Սողոմոն Հակոբյանի վիճակը գնահատում են ծանր կայուն:
Վերջինս կասկածվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Զոդի կամրջին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 13 քաղաքացիներից մի մասը շարունակում են բժշկական օգնություն ստանալ հանրապետության տարբեր հիվանդանոցներում:
Ծայրահեղ ծանր է այրվածքաբանական հիվանդանոցում գտնվող 20-ամյա երիատասարդ աղջկա վիճակը: Այրվածքաբանական հիվանդանոցում են գտնվում ևս երկու հիվանդ միջին տարիքի մեկ տղամարդ ու կին։
«Երեք քաղաքացիների մոտ էլ վնասվածքները հիմնականում համանման են, այրվածքային վնասվածքները իրանի վերին հատվածում են, վերին վերջույթներ, պարանոց, դեմք, վերին շնչուղիներն են աղտահարվել, պարզապես այդ ամեն ինչը երիտասարդ աղջկա մոտ շատ ավելի մեծ մակերեսով և ավելի բարձր աստիճանի։ Նա գտնվում է արհեստական շնչառության սարքի ներքո։ Որոշակի բացասական տեղաշարժ կա, կյանքին սպառնացող վտանգներ կան այս պահին», - նշեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 13-ամյա տղայի վիճակում կա դրական շարժընթաց:
Ինչպես Արարատի մարզպետարանից «Ազատությանը» փոխանցեցին «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան Արարարտ ֊Երասխավան երթուղին սպասարկող Վեդու ԲՈԱՏ ՍՊԸ-ի ավտոպարկը համալրել է 2019 թվականին, իսկ ընկերության հետ մարզպետարանը աշխատում է մի քանի տարուց ավելի:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հաստատեց, եթե «Գազել» մակնիշի մեքենան աշխատեր դիզելով, ամբողջովին այլ պատկեր կունենային, սակայն գազն ավելի մատչելի է, և ամբողջ հանրապետությունում մենք ունենք մի պատկեր, երբ վարորդները նախընտրում են գազը դիզելից:
«Բնական է, գազի բալոնից է եղել արտահոսքը։ Էստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք են օգտագործել հենց մարդատար տրանսպորտային միջոցները։ Երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ, ոչ թե բոնզին, երևի պետք է դիզել օգտագործվի, որ այդ ձևի բռնկում չի առաջացնի», - ասաց Ցոլակյանը։
Հայաստան են տեղափոխվել նաև մեկ այլ՝ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 տուժած: Հիշեցնենք հուլիսի 7 Վրաստանում հայկական մեքենայի վթարի պատճառով 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:
Ինչպես լրագրողներին փոխանցեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տեղափոխված 3 հիվանդների վիճակը միջին ծանրության է, իսկ Վրաստանում գտնվող 2 անձանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, և նրանք ենթակա չեն տեղափոխման։
«Եվս երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում այս պահին գտնվում է Թբիլիսիում, որից մեկի տեղափոխման հարցը հենց հիմա քննարկվում է հայ և վրացի ռեանիմատոլոգների կողմից, հնարավոր է նրան էլ այսօր տեղափոխենք, մեծահասակի տեղափոխման հարցը այսօր հաստատ չի լինի, հնարավոր է վաղը քննարկվի։ Թբիլիսիում գտնվողների վիճակը ծայրահեղ ծանր է, այսինքն կյանքին իրական վտանգ է սպառնում, իսկ տեղափոխվածների կյանքին, էս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում», - ասաց Թորոսյանը։