Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանեց Սինգապուր


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վիետնամից ժամանեց Սինգապուր։ Այցը պաշտոնական է` այս երկրի վարչապետի հրավերով:

Օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ուղևորվեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու, նրան հարցեր ուղղելու համար Սինգապուր էին եկել հայեր նաև տարածաշրջանի այլ երկրներից` այդ թվում Մալայզիայից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, անգամ Ավստրալիայից հայեր կային:

Մինչև համայնքի հետ զրույցը Փաշինյանը արարողակարգային միջոցառումների մասնակցեց, շրջեց հայկական ժառանգության թանգարանում: Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը եղեգնուտում հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, հենց նրա պատվին էլ ծաղիկն անվանակոչվել է: Փաշինյանը մասնակցեց այս ծաղկի արձանի բացմանը: Սինգապուրի հայ համայնքը շուրջ 185 տարվա պատմություն ունի, այստեղ մոտ 100 հայ է ապրում:

Պաշտոնական հանդիպումները մեկնարկելու են վաղը, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն Նիկոլ Փաշինյանին կընդունի իր նստավայրում, երկու երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքներով Երևանը և Սինգապուրը կստորագրեն համագործակցության
հուշագրեր: Սինգապուր այցքի առանցքում տնտեսական հարցերն են, Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է «Temasek» ներդրումային հայտնի հիմնադրամի ներկայացուցիչների, տեղի գործարարների հետ, հանդիպում կանցկացնի տնտեսական զարգացման կառավարման խորհրդում: Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է, անցած տարի Հայաստանը Սինգապուրից ներմուծել է ընդամենը 1.5 միլիոն դոլարի ապրանք, իսկ արտահանել 700 հազար դոլարի ապրանք:

Սինգապուրը համաշխարհային տնտեսության առաջամարտիկներից է, այս երկրի օրինակը Հայաստանում բերվում է պարբերաբար, հատկապես նաև, երբ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մեկնարկ հայտարարեց: Սինգապուրը չունենալով բնական ռեսուրսներ թռիչքային աճ է ապահովել, «սինգապուրյան հրաշք» անվանումը ստացած պատմական այդ շրջափուլի առաջնորդը՝ ավելի քան 30 տարի Սինգապուրը ղեկավարած հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն 2009-ին, երբ արդեն վարչապետ չէր, այցելել է Հայաստան:

Նիկոլ Փաշինյանին ընդունելու են նաև Սինգապուրի նախագահը, խորհրդարանի խոսնակը, Հայաստանի պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները: Վարչապետին ուղեկցում է կինը` Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Սինգապուրի վարչապետի տիկնոջը, այցելելու է Երեխաների ուռուցքաբանական հիմնադրամ:
Անկախության շրջանում Հայաստանի ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանն է այցելել Սինգապուր` 2012 թվականին, Սինգապուրի որեւէ գործող վարչապետ, սակայն, Հայաստան չի եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG