Մատչելիության հղումներ

Զոդի կամրջին ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, 6 մարդ է զոհվել, ևս 13-ը տուժել է. ԱԻՆ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

ԱԻՆ՝ ուշ երեկոյան թարմացված հաղորդագրությունում ասված է․ -

«Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Ն.Ա.-ն և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Ս.Հ.-ն, Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս երկու տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Ցավոք, հնարավոր չեղավ խուսափել զոհերից. պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի»:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է․ - «Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ - «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»։

Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատասխատավություն է սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG