Վիետնամ պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունեց Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը:
«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ», - ասաց բարձրաստիճան պաշտոնյան:
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունվելու են վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման որոշումներ, անցկացվելու է նաև բիզնես ֆորում:
Այնուհետև Հայաստանի ղեկավարը հանդիպեց Վիետնամի գործարարների հետ: Հայաստանի առևտրաշրջանառությունն ասիական սոցիալիստական այս պետության հետ վերջին տարիներին աճում է, անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք:
Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանոյում Հայաստանի դեսպանատուն, այստեղ վարչապետին սպասում էին խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները, որոնք հիմնել են «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» անվանումով կազմակերպություն: Նրանք հայերեն երգեր կատարեցին, ցանկություն հայտնեցին մասնակցել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներին, վարչապետը հրավեր հղեց:
Այսպիսով Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ ավարտվում է, այստեղից Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Սինգապուր:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա այսօր Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:
Ավելի մանրամասն տե՛ս այստեղ