Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են. Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում


Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահ՝ առաջին պաշտոնական այցերից մեկը կատարել հենց եղբայրական Կիպրոս: Թավշյա հեղափոխության առաջին օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու արմատական փոփոխություններ, և բնականաբար մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-կիպրական արդեն իսկ ամուր հարաբերությունները, որոնք ուղղակիորեն այլընտրանք չունեն», - նշել է Միրզոյանը:

Ազգային ժողովի նախագահը նշելով, որ Արիստոտելը ընկերությունը դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահավետության ընկերներ և իսկական ընկերներ, ընդգծել է, որ հայ և կիպրացի ժողովուրդներն իսկական ընկերներ են, և Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են:

«Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն՝ դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը: Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք՝ սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում», - հայտարարել է Միրզոյանը՝ շարունակելով․ - «Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրների շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է ու բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականության»:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի ԱԺ խոսնակը անդրադառնալով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, նշել է, որ Թուրքիայի կողմից դրսևորված նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը:

Միրզոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար:

«Ուզում եմ նշել՝ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորմամբ: Վերջին քառորդ դարում մենք կարողացել ենք զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ մենք դեռևս չենք օգտագործել երկու երկրների միջև փոխգործակցության ողջ ներուժը», - ընդգծել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում՝ շարունակելով. «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ: Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է»:

«Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը», - ասել է Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG