Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը կփակի Վերդիի «Օթելլո»-ի համերգային կատարմամբ


Հուլիսյան այս օրերին ավանդաբար մեր երաժշտասերները հնարավորություն ունեն բազմաթիվ ուշագրավ համերգների ներկա գտնվել: Դրանք շարունակվեն մինչև այս համերգաշրջանի ավարտը՝ մինչև օգոստոս, երբ նվագախմբերն ու երգչախմբերը փոքր-ինչ դադար են վերցնում արդեն սեպտեմբերին նոր համերգաշրջանը բացելուց առաջ:

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ անվանի դիրիժոր Էռնեստ Հյոտցելի գլխավորությամբ, մեր երաժշտասերներին կներկայացնի Ռոբերտ Շումանի դաշնամուրի կոնցերտը և Բրամսի 2-րդ սիմֆոնիան։ Մենակատարն է անվանի դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:

«Առաջին անգամ Հայաստանում հանդես է գալու Նիկիտա Մդոյանցը, որը հայ է, բայց երբեք Հայաստանում չի եղել, եթե չեմ սխալվում: Ինքը հրաշալի դաշնակահար է, երկու տարի առաջ Կլիբեռնի մրցույթը հաղթեց», - «Ազատության հետ զրույցում ասաց Հայաստանի ազգայի ֆիհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

Հարցին, թե երբ են ավարտում համերգաշրջանը, Թոփչյանը պատասխանեց․ - «Մենք ավարտում ենք հուլիսի 29-ին, Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումն է լինելու՝ ֆանտաստիկ երգիչների մասնակցությամբ: Արսեն Սողոմոնյանի, ով վերջերս Օթելլոյի դերերգը կատարեց Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և Զուբին Մետայի գլխավորությամբ: Սողոմոնյանը մեզ հետ Օթելլո կերգի: Մեծագույն երգչուհի Վերոնիկա Ջիոևան, որը մեկ շաբաթ առաջ հսկայական հաջողություն ունեցավ Երևանում: Ինքը Դեզդեմոնա պետք է երգի: Եվ հավանաբար Գևորգ Հակոբյանը, որը նույնպես մեծ հաջողություններով եվրոպական բոլոր թատրոններում երգում է: Ինքն էլ Յագո պետք է երգի: Չեքիջյանի երգչախմբի հետ միասին: Սա կլինի մեր տարվա վերջին համերգը: Դրանից հետո մենք ունենք նախապատրաստական աշխատանքներ՝ կապված նոր համերգաշրջանի հետ, որովհետև սեպտեմբեր-հոկտեմբերը շատ խիտ է մեզ մոտ և շատ ընտիր դիրիժորներ ենք սպասում»:

Խոսելով ավարտվող համերգաշրջանի մասին՝ Թոփչյանն ասաց․ - «Մեզ մոտ միշտ ֆինանսական դժվարությունը կանգնած է էնպիսի լուրջ տեղում, որ հաճախ շատ բաներ չենք կարողանում ժամանակին պլանավորել: Աշխարհում այնպես է, որ բոլոր երաժիշտների հետ պետք է երկու-երեք տարի առաջ, գոնե մեկ տարի առաջ կարողանաս բանակցես: Մենք չենք կարողանում, որովհետև չգիտենք կարողանալո՞ւ ենք էդ մարդկանց ֆինանսավորել, թե՞ ոչ: Մենք շատ բաներ կարողանում ենք անել և՝ բարձր մակարդակով, բայց մի քիչ «էրեսի զոռով» է: Ուզում եմ, որ մի քիչ էդ հարցը վերանայվի, և ուզում եմ, որ միտքս արձագանք ստանա»:

Օրերս «Ազատության» հետ հարցազրույցում կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը ընդգծում էր, որ առհասարակ Հայաստանում դասական երաժշտարվեստի ոլորտում վերջին տասնամյակների ընթացքում լուրջ առաջընթաց կա: Թեև միջազգային չափանիշների համեմատ մեր նվագախմբերն ու երգչախմբերը գործում են չափազանց ցածր ֆինանսավորմամբ, բայց Երևանը դասական երաշտության ոլորտում չի զիջում եվրոպական հայտնի մայրաքաղաքներին:

Եվ իհարկե՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լուրջ դերակատարմամբ․ - «Ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը փաստորեն այսօր կարելի է համարել եվրոպական լավագույն նվագախմբերից մեկը, հսկայական աճ ապրեց, և Երևանում տեղի ունեցան էնպիսի պրեմիերաներ, գործեր, որոնք հատուկ են եվրոպական բարձր մշակույթ ունեցող մայրաքաղաքներին: Այս առումով Երևանը դարձավ էնպիսի մայրաքաղաք, ինչպիսինն Վիեննան է, ինչպիսին Բեռլինն է, Փարիզն է: Եվ դա միայն ես չեմ ասում, դրսից եկած մարդիկ են ասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG