Մատչելիության հղումներ

Պեսկով․ Հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի S-400-ների առաջին խմբաքանակը


Կրեմլը հաստատեց, որ առաջիկա կիրակի օրը Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի S-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը:

«Ես Կրեմլի անունից կարող եմ հաստատել, որ S-400-ը իրականացվում է պլանի համաձայն», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ սպառազինության առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսի 7-ին:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ առաջին փուլում Անկարան կստանա մեկ համալիր: Մինչև երկուշաբթի օրը Թուրքիա կժամանի ռուսաստանցի մասնագետների խումբը՝ տեղում օգնելու սարքավորումների տեղակայմանը:

Այսպիսով, չնայած առանցքային դաշնակիցների հորդորներին, վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան չհրաժարվեց Ռուսաստանի հետ խոշոր ռազմական գործարքից և դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը կունենա նման համակարգեր, և աշխարհում չորրորդը՝ Բելառուսից, Չինաստանից և Ռուսաստանից հետո:

Հնդկաստանը ևս արդեն ստորագրել է Մոսկվայի հետ 5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը և սպասում է S-400-ների մատակարարմանը:

Այս սպառազինությամբ հետաքրքրված են նաև Պարսից ծոցի մի շարք երկրներ:

Շուրջ երկու տարի առաջ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ռուսատսանի միջեւ կնքված մոտ 2,5 միլիարդ դոլար արժողության ռազմական գործարքի իրականացումը ուղեկցվում է սկանդալներով: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում ռազմական միությանը:

Այս հայտարարություններին ի պատասխան Թուրքիայի իշխանությունները հաստատակամորեն հայտարարում էին, որ գործարքը վերանայման ենթակա չէ, և որ չեն պատրաստվում հրաժարվել ռուսական այդ սպառազինությունից:

Կռվախնձոր դարձած S-400-ը, ի դեպ, արտադրում է «Ալմազ -Անտայ» պաշտպանական կոնցերնը, որը Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Զենիթահրթիռային այդ համալիրը ստեղծվել է օդանավեր, ռազմավարական թևավոր հրթիռներ, տակտիկական հրթիռներ, անօդաչու սարքեր ոչնչացնելու համար: Այդ համակարգերով Թուրքիան ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ հայտարարելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Էրդողանի վարչակազմին այդ մտադրությունից հետ չպահեց անգամ հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներից զրկվելու փաստը: Պենտագոնը բազմիցս զգուշացրել է, որ սպառազինության այդ երկու տեսակների՝ F-35-ի և S-400-ների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան չի կարող մաս կազմել հակաօդային միասնական պաշտպանությանը:

Բացի այդ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել ամերիկյան կործանիչների վերաբերյալ գաղտնի տվյալները: Ամերիկյան կործանիչների շուրջ պայմանագիրը Անկարայի և Վաշինգտոնի միջև կնքվել էր դեռ 10 տարի առաջ, դրա իրագործման համար թուրքական կառավարությունն արդեն շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրում է կատարել: Նախնական պայմանավորվածության համաձայն, Թուրքիան ծրագրում էր ավելի քան 100 կործանիչ գնել ԱՄՆ-ից, ընդ որում` առաջին մատակարարումը պետք է իրականացվեր արդեն 2018 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG