Մատչելիության հղումներ

«Հայաստանը և Վիետնամը մտադիր են զարկ տալ տնտեսական համագործակցությանը»


Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանը և Վիետնամը մտադիր են զարկ տալ տնտեսական համագործակցությանն, այսօր բանակցությունների ավարտին հայտարարեցին երկու երկրների առաջնորդները:

Հայաստանցի պաշտոնակցին Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը դիմավորեց իր նստավայրում՝ հանդիսավոր արարողությամբ, առանձնազրույցից հետո երկու վարչապետերն ընդլայնված կազմով բանակցություններ վարեցին, ապա Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:

Վիետնամի վարչապետը ողջունեց Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական գործունեությունը, ներքաղաքական կայունության հաստատումը:

Հայաստանի վարչապետը շեշտեց, որ մեկ տարվա ընթացքում վճռական քայլերի շնորհիվ իր թիմը կարողացել է որակապես փոխել երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը:

Հայաստանում այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները՝ պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու համար:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին՝ Երևանում, դրան զուգահեռ կանցկացվի հայ-վիետնամական գործարար համաժողով:

Այսօրվա բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրեցին կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեղմացնել հարկային քաղաքականությունը:

Նշենք, որ հանդիպումից ու բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ Վիետնամի վարչապետի հետ հանդիպումը գնահատելով արդյունավետ։

«Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ», - գրել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ, շարունակվում է, վարչապետի օդանավը երեկ ուշ երեկոյան վայրէջք կատարեց մայրաքաղաք Հանոյում:

Այսօր առավոտից Փաշինյանը մասնակցում էր արարողակարգային միջոցառումների, նախ ծաղկեպսակ դրեց Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելեց Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարան, Գրականության տաճար, շրջեց մշակութային այս համալիրի տարածքում, զարկեց ասիական խորհրդանշական թմբուկն` ասելով, որ այն շատ ոգեշնչող է:

Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպեց Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:

Հայկական պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

Անկախության շրջանում Հայաստանի ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանն է այցելել Վիետնամ` 2012 թվականին: Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ:

Հայաստանի առևտրաշրջանառությունն ասիական սոցիալիստական այս պետության հետ վերջին տարիներին աճում է, անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք:

Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Հանոյում Հայաստանի դեսպանատուն, այստեղ վարչապետին սպասելու են խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները, որոնք հիմնել են «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» անվանումով կազմակերպություն:

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասիական տարածաշրջանում արդեն հասցրել է լինել, անցած ամիս Հայաստանի ղեկավարը պաշտոնական այցով Չինաստանում էր:

Այստեղից՝ Վիետնամից, Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Սինգապուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG