Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության, Վրաստանի հետ առաջացած խնդիրների պատճառով վերջին երկու շաբաթների ընթացքում 45 տոկոսով աճել է Հայաստանի ուղղությամբ պահանջարկը:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զբոսաշրջային ընկերություններում 10-ից 45 տոկոսով աճել է դեպի Հայաստան ուղեգրերի վաճառքը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ», - Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունից ասել են Интерфакс-Туризм պորտալին՝ նշելով, որ աճը կապ ունի վրացական ուղղությունը փակվելու հետ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից չվերթներ իրականացնել դեպի Վրաստան։ Նույն հրամանագրով՝ ռուսական զբոսաշրաջային ընկերություններին առաջարկվել է Վրաստանի ուղեգրեր չվաճառել:
Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունում նաև նշել են, որ Հայաստանի և Վրաստանի պայմանները, հյուրանոցների գները, էքսկուրսիոն ծրագրերի արժեքներն ընդհանուր առմամբ համադրելի են, շատ չեն տարբերվում։ Հայաստանի դեպքում նույնիսկ հնարավոր է այնտեղ մեկնել ռուսական ներքին անձնագրով, ինչն ավելի հարմար է զբոսաշրջիկների համար։
«Այլ հարց է, որ Հայաստանը ծով չունի: Սևանա լիճը բարձր լեռնային է, ջուրը սառն է, սեզոնն ընդամենը 2-2,5 ամիս է, հյուրանոցային բազան էլ աղքատիկ է», - նշել են ընկերակցությունում՝ հավելելով, որ հեռանկարում Հայաստանը կարող է 10-20 տոկոսից ոչ ավելի զբոսաշրջիկներ գրավել Վրաստանի փոխարեն:
Զբոսաշրջիկների մի մասը, որոնք պետք է Վրաստան մեկնեին հուլիսի 8-ից հետո, վերաամրագրել են ուղեգրերը դեպի Թուրքիա, Թունիս, Բուլղարիա, Դոմինիկյան Հանրապետութուն ու Չեռնոգորիա, մի մասն էլ դեպի Հայաստան, բայց մեծամասնությունը չեղարկել է ուղևորությունը:
Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունը նաև նշել է, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը դադարեցնելու ֆոնին Հայաստանի հյուրանոցներն առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել:
«Հետաքրքիր է, որ հայաստանյան գործընկերների կողմից առանձնապես որևէ ակտիվություն, հատուկ առաջարկներ, մարքեթինգային առաջարկներ գործնականում չկա», - Интерфакс-Туризм պորտալին ասել են ռուսական զբոսաշրջային ընկերությունները միավորող ընկերակցությունում: