Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծ. արձագանքներ


Անցած շաբաթ կառավարությունը միաձայն ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը: Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում: Նախատեսվում է բարձրացնել հունվարի 1-ից:

Մինչ այդ ոլորտի ներկայացուցիչները քննարկում են նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու արդյունավետությունն ու ռիսկերը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ անկախ բյուջեի բեռից՝ այս քայլն անհրաժեշտություն է:

«Առաջին հերթին, եթե պետությունը իր վրա պարտավորություններ է վերցնում սպառողական զամբյուղ, նվազագույն աշխատավարձ և այլն, ուրեմն ինքը պիտի նաև պատասխան տա դրա համար։ Այսինքն, եթե հաշվում է սպառողական զամբյուղը 63 հազար է, պարենային զամբյուղը 25 հազար է, ուրեմն ինքը պետք է մինիմում գոնե էդ հարցերը լուծի։ Եթե չի լուծում, ուրեմն պետությունը պետություն չի, կամ պետք է նվազագույն էդ պարենային զամբյուղի գնահատումը փոխենք և այլն. այս է մոտեցումը՝ անկախ ամեն հետևանքներից, որ պիտի լինի», - նշեց Խաչատրյանը։

Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ ավելի վաղ կառավարություն էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Նարեկ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 63 հազար դրամ: 63 հազար դրամի դեպքում կբարձրանա միայն նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարության սահմանած 68 հազարի դեպքում կբարձրանա նաև բազայինը, այսինքն՝ նաև պետական ծառայողների աշխատավարձը կավելանա մի քանի տասնյակ հազար դրամով: Քննարկվում են մեխանիզմներ, որ նվազագույնը դառնա 68 հազար դրամ, բայց պետական ծառայողների աշխատավարձը չբարձրանա, ասաց Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Բազային աշխատավարձը օրենքով տատանվում է նվազագույն աշխատավարձի 80-120 տոկոս միջակայքում։ Եթե նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ, հետո հարկերը ներառյալ ավելի մեծ գումար, ըստ այդմ, ստացվում է կեղտոտ աշխատավարձը պայմանական 88 հազար դրամ։ Դրա 80 տոկոսը 70 հազար դրամ է։ Այսինքն, եթե մենք ոչինչ չանենք, բազային աշխատավարձը կդառնա 70 հազար դրամ։ Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորը, որը այսօր ստանում է 660 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, կստանա 700 հազար դրամ։ Կստացվի՝ մենք էն ցածր, խոցելի խմբերի համար նվազագույն աշխատավարձը 10-13 հազար դրամով ավելացնում ենք, մեր սեփական աշխատավարձը 40 հազար դրամով ենք ավելացնում, դրա համար էդ տարբերակը մեր համար ընդունելի չի։ Լուծումը ո՞րն է՝ լուծումը այդ կարգավորումների մեջ փոփոխություն անելն է», - ընդգծեց Թունյանը։

Քանի որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, հաշվարկներն էլ վերջնական չեն: Ըստ Թունյանի, եթե միայն նվազագույն աշխատավարձը ավելանա, ապա բյուջեի բեռը 1-ից 2 միլիարդ դրամ կլինի:

«Հստակ գնահատականը չեմ կարող ասել, բայց միգուցե 1-2 միլիարդ դրամի սահմաններում, ամեն դեպքում, բյուջեի բեռն ավելանա, որը բավականին ավելի բեռ է», - ասաց Բաբկեն Թունյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ անդրադառնալով բարձրացվող չափի շահարկումներին՝ ասաց, որ այս փոփոխությունը արժանապատիվ աշխատանքի ապահովմանն ուղղված քայլ է:

«Սա չի նշանակում, որ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդը պետք է ստանա 68 հազար մաքուր աշխատավարձ, մենք գտնում ենք, որ պետք է նվազագույնը ստանա 68 հազար։ Էսօր ում համար անգամ 1000 դրամը եղանակ է փոխում, այդ մարդկանց համար շատ մեծ փոփոխություն է։ Տնտեսության վրա ազդեցությունը լինելու է դրական։ Էն, որ մենք խոսում ենք ներդրումների մասին, որ մենք խոսում ենք խնայողությունների օգտագործման մասին կամ լրացուցիչ տնտեսության մեջ գումարներ, ֆինանսական միջոցներ ներարկելու մասին, սա էդ ձևերից մեկն է», - նշեց Գասպարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG