Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է


Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծի քննարկմանը վարչապետ Փաշինյանն այսօր խոսել է ազգային փոխադրողի անհրաժեշտության մասին:

«Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է: Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը և ցանկությունը՝ ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, առաջին խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և բացառել սնանկացած «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերություններում տեղի ունեցածի կրիկնությունը․ - «Մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնք հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը: Եվ սա պետք է խոստովանել»:

1993-1996 թվականին քաղավիացիայի ոլորտի պատասխանատու Շահեն Պետրոսյանը ազգային փոխադրողի մասին Փաշինյանի հայտարարությունը ուշացած է համարում։

Պետրոսյանն ասում է, թե այս ընթացքում նախ պետք էր քաղաքական և իրավական գնահատական տալ նախկին քայլերին, որոնք հանգեցրին հայկական ավիաուղիների կործանմանը․ - «Ուղիղ 20 տարի, երբ «Հայկական ավիաուղիները» վերացրեցիք, դա Ռոբերտ Քոչարյանն ա արել: Ես ՀՔԾ-ին եմ նման ցուցմունք տվել՝ Ռոբերտ Քոչարյանի դերը «Հայկական ավիաուղիների» վերացման [գործում]: Վարչապետը որ ասում ա՝ «Հայկական ավիաուղիները» և «Արմավիան» խայտառակել են ռեսպուբլիկան․․․ «Հայկական ավիաուղիները» բյուջեի 25 տոկոսն էր ապահովում, և տենց բան ասել «Հայկական ավիաուղիների» հասցեին՝ առանց մտածելու, առանց խորանալու խնդրի մեջ, ես կարծում եմ, շատ սխալ մոտեցում է»:

Հայաստանը կորցրել է բոլոր պրոֆեսիոնալ օդաչուներին, իսկ մեկ օդաչու պատրաստելը, նրա հաշվարկով, կարժենա 50 հազար դոլար: Պետրոսյանի խոսքով, չնայած ֆինանսական մեծ ներդրումներին, իր հաշվարկներով խոսքը մոտ 50 մլն դոլարի մասին է, պետությունը պետք է գնա այդ քայլին, քանի որ պետերազմող երկրի համար դա անհրաժեշտություն է։ Ներկայացնում է հարևան Վրաստանի օրինակը: Քաղաքական պատճառներով Ռուսաստանը դեպի Վրաստան չվերթները արգելեց:

Պետրոսյանը հարց է բարձրաձայնում՝ ի՞նչ կլինի , եթե նման իրավիճակում հայտնվի Հայաստանը․ - «Հիմա պատկերացրեք, որ նույն բանը մեր նկատմամբ արվի: Իսկ մենք փոխադրող չունենք: Իսկ վրացիք ունեն առնվազն երկու նորմալ փոխադրող»:

Պետրոսյանն ասում է, թե նախ պետք է վերացնել այն մենաշնորհները, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են ազատ մրցակցությունը՝ սննդից սկսած վառելիքով վերջացրած, որոնք մենաշնորհներ են միայն «Զվարթնոց» օդանավակայանում․ - «Զվարթնոցի հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը պետք է վերանայվի»:

Այսօրվա խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG