Հոբելյանի կապակցությամբ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը կղեկավարեն նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և անձամբ հոբելյարը:
«Ազատության» հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Յուրի Դավթյանն իրենց մեծ ուսուցիչն է եղել, որն իրենց ոչ միայն երաժտության գաղտնիքներն է բացահայտել, այլև որպես երաժիշտ իր հոգևոր ողջ աշխարհն է իրենց առջև բացել․ - «Յուրի Հայկովիչը իմ կյանքում ունի մեծագույն դեր: Ես շատ ուրախ եմ և հպարտ եմ, որ իր համերգն ենք մենք անում: Նա իսկապես մեր օրերին լեգենդ է, որովհետև այն երաժիշտները, որոնց հետ ինքը շփվել է, աշխատել է, և այն ինֆորմացիան, որը որ փոխանցել է իր աշակերտներին, դա ահավոր մեծ, անհավանական ուժ է և ժառանգություն իմ համար և իմ ընկերների համար»:
Յուրի Դավթյանը եղել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի առաջին սաներից մեկը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առաջին շրջանավարտներից մեկը, որին հետագայում երաժշտական փայլուն ապագա էր սպասվում իր տաղանդի և կարողությունների շնորհիվ:
Տասնամյակներ շարունակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է եղել, ղեկավարել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, խորհրդային տարիներին բազմիցս համերգներով հանդես է եկել տարբեր քաղաքներում, ղեկավարել նաև Մեծ Թատրոնի, Մարիինյան թատրոնի նվագախմբերը, բազմաթիվ համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Հունգարիայում , Բուլղարիայում և այլ երկրներում:
«Երբ որ ես ավարտում էի կոնսերվատորիան, իհարկե ինձ համար ավելի հետաքրքիր էր կատարողական արվեստը», - «Ազատության» հետ զրույցում նշեց անվանի դիրիժորը:
Ստեղծագործական բեղուն գործունեությունը 1969 թվականից մինչև օրս՝ 50 տարի շարունակ, զուգակցվում է մանկավարժական գործունեության հետ: Կոնսերվատորիայի բազմավաստակ պրոֆեսոր Յուրի Դավթյանը մի քանի սերունդ է կրթել և հպարտանում է, որ իր երբեմնի ուսանողները այսօր ճանաչված, անվանի երաժիշտներ են աշխարհի ամենատարբեր երկրներում․ - «Բավականին դիրիժորներ իմ ձեռքի տակ ստացան, ինչպես ասում են, ուղեգիր դեպի դիրիժորական ասպարեզ: Երաժշտության մեջ ամենապատասխանատու պաշտոնը դիրիժորն է»:
Հարցին, թե ինչ է պետք այսօր հայ սիմֆոնիկ, օպերային երաժշտության առավել զարգացման համար, Դավթյանը պատասխանեց․ - «Ինքնավստահություն և լավ ուսումնասիրություն թե՛ տեորիապես և թե՛ պրակտիկորեն մեր նախկին կատարողական արվեստը: Ես շատ ցավում եմ, որ այն ժամանակ կատարյալ չէր ձայնագրության արվեստը, և մեր ժողովուրդը, երբ որ ասում ենք Միքայել Թավրիզյան, մի մասը, որ երաժշտության հետ մոտ է, ինչ-որ տեղեկություն ունի: Բայց մեծ մասը չեն հասկանում, որ այդ մարդը ստեղծեց օպերային թատրոնը»:
90-ամյա մաեստրոն ասաց, որ գրի է առել իր հուշերը, որոնք առայժմ անտիպ են․ - «Ոչ միայն կենսագրություն է, այլև մի փոքր դասագիրք դիրիժորների համար»: