2008-ի արյունալի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են կոպիտ խախտումներով, և դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը թույլ է տալիս վերահաստատել Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու իրենց պնդումները։
Փաստաբանները հիշեցնում են, որ Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ իրենց դիրքորոշումը չլսեց։ Փաստաբան Արամ Օրբելյանը վկայակոչեց միջազգային փաստաթղթերը։
«Հաշվի առնելով, որ այս որոշումներում ուղղակիորեն հակասում են նախկինում առկա դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը։ Այսինքն տեսնում ենք, որ ակնհայտորեն ոչ արդար, արդար ի նկատի ունենք արդար դատաքննության իմաստով, դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները», - նշեց Օրբելյանը։
Քոչարյանի պաշտպանները հավելեցին՝ հենց առաջին ատյանի դատարանը վերսկսի գործը, միջնորդելու են փոփոխել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել նրան։ Օրբելյանը կրկին պնդեց՝ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն այն դեպքում, երբ այն բողոքարկման ենթակա չէ։ Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշման մասին է, որով մայիսի 20-ին կասեցվեց քրեական գործի վարույթը և այն ուղարկվեց Սահմանադրական դատարան:
Գործը ՍԴ ուղարկելով՝ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը խնդրել էր բարձր ատյանից պարզել երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև որոշել Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը:
«Առնվազն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի այլ գործով որոշման հետ ուղղակի հակասություն, այսինքն, երբ որ վճռաբեկ դատարանը քննելով մեկ այլ գործով վերաքննիչ բողոք դատավարական այս փուլում, ուղղակիորեն նախատեսել է՝ ինչին վերաքննիչ դատարանը իրավունք չունի անդրադառնալ, քանի որ նման անդրադարձը կխաթարի առաջին ատյանի դատարանի որոշում կայացնելու ունակությունը, անկախությունը և կհամարվի անհարկի միջամտություն առաջին ատյանի դատարանում գործի քննությանը», - ընդգծեց Օրբելյանը։
Հուլիսի 25-ից արդեն ութ օր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Քոչարյանի փաստաբանները միաժամանակ նշեցին՝ մտահոգված են, որ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերը առաջին ատյանի դատարան հետ չի ուղարկել։ Օրբելյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմն է իրենց այդ մասին փոխանցել։ Միևնույն ժամանակ, ըստ Քոչարյանի պաշտպանի, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմն էլ հավելել է, որ գործը առաջին ատյանի դատարան չեն ուղարկի՝ մինչև չլրանա վճռաբեկ դատարան բողոքարկելու ժամկետը։ Փաստաբանները տեղեկացրեցին, որ դեռ աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:
«Վերաքննիչ դատարանն ասում է՝ մի հատ տեսնեմ վճռաբեկ դիմում եք, թե չէ, որ դիմեք, ես կուղարկեմ վճռաբեկ, չեմ ուղարկի առաջին ատյան։ Մենք ասում ենք շատ պարզ բան. վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ է, վերաքննիչ դատարանի որոշումը ասում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է գործը շարունակի ընդհատման պահից կամ այն պահից, երբ որ կասեցրել է և որոշումը վերացվել է, դրանից հետո անցել է մեկ օր և որոշում չկա։ Ո՞ր դատարանն է՝ առաջին, վերաքննիչ, վճռաբեկ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն է, Սյունիքի դատարանն է, կարևոր չի, կա խնդիր, որ գործը պետք է շարունակվի այնտեղից, որտեղից չի շարունակվել և այդ չի շարունակվում», - ասաց Օրբելյանը։
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որ այս գործով որպես տուժողի իրավահաջորդ է հանդես գալիս, հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ համարվել, երբ հենց նա է կրում մարտյան իրադարձությունների բեռը։
«Նա խախտել է 0038 հրամանը, որը սահմանից զորք է բերել Երևան, սահմանադրական կարգ է տապալել։ Դատավորը շատ լավ հասկացավ, որ նրանք միտումնավոր ձգձգում են դատական նիստը, դրա համար էլ ջղայնացավ, երբ իրենք դատարանի վրա մատ էին թափ տալիս, հատկապես Ալումյանը։ Դատավորն էլ շատ ճիշտ արեց՝ գնաց խորհրդակցական սենյակ՝ դատական ակտը կազմելու համար», - նշեց Սարգիս Քլոյանը։
Քլոյանը հավելեց՝ տուժողների ներկայացուցիչները ինքնաբացարկ կներկայացնեն դատավոր Դավիթ Գրիգորյանին, եթե հենց նա շարունակի գործի քննությունը։ Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց փոփոխել ավելի քան 5 ամիս կալանավայրում գտնվող երկրորդ նախագահ Քոչարյանի կալանքը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորության դիմաց, այնուհետև անսպասելիորեն որոշում կայացրեց կասեցնել քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։
Դատական տեղեկատվական համակարգում երեկ հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ որոշումների հիմքերը։ Ըստ երկրորդ նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրած դատավորի, ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ՝ դատավորը, բեկանելով գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։