Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-ին կմեկնի Վիետնամ, հուլիսի 7-ին՝ Սինգապուր


Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-ից 6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք:

Վարչապետը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան:

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուր:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Շին Լունգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան

Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում և հարևան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին:

Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG