Մատչելիության հղումներ

Կոռուպցիոն չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել 249 հոգու


Դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյան, 2-ը հուլիսի 2019թ.
Դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյան, 2-ը հուլիսի 2019թ.

Սոցիալական աջակցության գործակալության տարածքայինի պետեր, տեսուչներ, «Հայփոստ»-ի աշխատակիցներ, բժշկասոցիալական հանձնաժողովի բժիշկ-փորձագետ. ընդհանուր առմամբ 249 հոգու մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն չարաշահումների համար։

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյանի խոսքով. «Հորուցված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել շուրջ 88 սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժինների տարբեր աշխատակիցների, որոնք հանդիսանում են հանրային ծառայողներ։ Նշված քրեական գործերի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել նաև 25 «Հայսփոստ»-ի աշխատողների և մասնաճյուղի տնօրենների, 4 Բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովների բժիշկների և նախագահի, ինչպես նաև 113 քաղաքացիների»։

Սոցապահովության ոլորտում չարաշահումների վերաբերյալ 166 քրեական գործ է հարուցվել, մեծ մասը՝ 151 գործ, կապ ունի սոցիալապես անապահովներին նպաստներ տրամադրելու հետ։ Մնացական Շահգալդյանը շեշտում է՝ գործել է հանրապետությունով մեկ տարածված ու համակարգային սխեմա։

«Մարդկանց սոցիալապես անապահովության նպաստներ ստանալու ցուցակներում ընդգրկելու, նրանց ընտանիքի կազմը ստուգելու առաջարկ ներկայացնելու պետին և նշված ոլորտում օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար համպատասխան աշխատողները քաղաքացիներից պահանջել են և ստացել ապօրինի վարձատրություն։ Քաղաքացիներն էլ, ստիպված լինելով, գտնվելով ծայրահեղ աղքատության վիճակում, որոշակի պետության կողմից տրվող նպաստներ ստանալու կամ դրանցից չկտրվելու համար ստիպված համաձայնվել են», - նշեց Շահգալդյանը։

Լոռու մարզի Բովաձոր համայնքի բնակչուհի Նարե Աթոյանը նպաստների համակարգում սանիտարական մաքրումների ակտիվիստ է, ասում է. «Նպաստը մեր գյուղում եղել է այլընտրանքային կաշառքի ձև, այսինքն քվեները առնելու համար, էն նախորդ իշխանությունների համար մարդկանց նպաստ են դասավորել։ Գյուղում եղել են նպաստառուներ, որոնք, օրինակ, միայնակ մայր են կոչվել՝ իմ կարգավիճակով, բայց, բնականաբար, միայնակ մայր չեն եղել։ Բոլորս էլ տեսել ենք, որ իրենք իրենց ամուսինների հետ կամ թեկուզ սկեսուր, սկեսրայրի հետ, բայց միայնակ են կոչվել։ Դե որ բողոքում ես, հետո ասում են՝ «գնաց բողոքեց, վատություն արեց», բոլորը քեզ հետ թշնամանում են, բայց դե պետք է օրինական լինի»։

Նարե Աթոյանն ինքն էլ իրավապահներին հաղորդում է ներկայացրել, քանի որ վստահ է, իր նպաստի մի մասն էլ յուրացրել են։ - «2015 թվականի դեկտեմբերից մինչև 18 թվականի մայիս ամիսը ամեն ամիս իմ նպաստից, որ պետք է ստանայի 23 հազար 500 դրամ, ստացել եմ 18 հազար 500 դրամ։ Դե որ փոքրիկ երեխա ունեմ, իմ մայրիկին ասեցի, որ գնա ասի, էնտեղ էլ ասում էին՝ կարգն է այսպես։ Մի քանի անգամ էլ փոստատարին եմ ասել՝ էսպես չի լինի, ինձնից մի պահեք, ասել է՝ «դուք էդ հարցը կարգավորեք սոցիալական աշխատողների հետ», բայց էլ չեմ բողոքել, 18 թվականի ապրիլն անցավ, մայիսին բերեցին իմ 23 հազար 500-ը տվեց փոստատարը։ Հետո, որ գնացի բողոքեցի, սոցիալականի մեր տեսուչը ինձ ասում է՝ «էս մի քանի ամիսը նորմալ չե՞ս ստանում», ասեցի՝ հա, արդեն 5000-ը նորմալ ստանում եմ, ասում է՝ «բա հերիք չի՞ քեզ»։ Ասի՝ չէ, բա էն պահումները, ասեց՝ «էն պահումների մասին մոռացի», - նշեց Բովաձորի բնակչուհին։

Թե՛ Նարեի, թե՛ մյուս քաղաքացիներից գումար պահանջելու դեպքերում, ոչ թե պետությունից, այլ քաղաքացուց է գումար հափշտակվել։ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն առանձնացնում է մեկ այլ սխեմա ևս, որով պետությանը պատճառվել է ավելի քան 772 միլիոն դրամի վնաս։ Կեղծ նպաստառուների ցուցակներ են ձևավորվել ու բյուջեի փողը գրպանել։

«Օրինակ՝ Երևան քաղաքի X բնակչին կեղծ փաստաթղթեր կազմելով, օրինակ, հաշվառել են Լոռու մարզում ինչ-որ մի գյուղում կամ ինչ-որ մի քաղաքում մի հասցեի տան վրա։ Ո՛չ տան տերն է իմացել, որ իր տան վրա ինչ-որ մարդ կա հաշվառված, ո՛չ էդ քաղաքացին է իմացել, որ ինքն ընդեղ հաշվառված է», - ասաց Մնացական Շահգալդյանը։

Ընդ որում՝ Շահգալդյանը շեշտում է, թե տիրապետելով տվյալների բազաներին բոլորովին անծանոթ մարդկանց անուններով են նպաստ գրել ու ստացել։ Այս բացահայտումներն արվել են վերջին տարում, սակայն դատախազության ներկայացուցչի խոսքով՝ դրանք վերաբերվում են նախորդող տարիներին։ Մնացական Շահգալդյանն ասաց ՝ սոցապահովության ոլորտում թարմ դեպք չունեն, հույս ունի, որ բացահայտումներն են զսպող դեր ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG