Լրագրողները հիշեցրին Սարգսյանին, որ ավելի վաղ այդ մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞ւր են: Ո՞ւր են», - ձայնը բարձրացրեց նախկին նախագահի եղբորորդին․ - «Փա՛ստ, մի հատ փա՛ստ»:
Կենտրոնի Կյաժ մականունով հայտնի տուժող Դավիթ Սիմոնյանը դեռ փետրվարին դատարանում պատմել էր, որ երրորդ նախագահի եղբոր տղան՝ Հայկ Սարգսյանն է 12 տարի առաջ կրակել իր որովայնին, իսկ մինչև կրակոցն իրենք Հայկ Սարգսյանի բնակության վայրում՝ Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի թիկնապահների սենյակում են մնացել մեկ ժամ՝ վիճաբանել է ոմն Արթուրի հետ՝ թմրանյութի հետ կապված:
Տուժող Դավիթ Սիմոնյանը նաև ասել էր․ - «Հայկն արթնացել է, ասել՝ խելոք մնացեք, կկրակեմ: Հետո կրակել է` չասելով, թե ինչի համար է կրակում: Հարցաքննվել եմ, ասել եմ, որ Արթուր Ղևոնդյանն է կրակել, որովհետև Հայկը սպառնացել էր, ասեց՝ չես ապրի, եթե չասես, որ Արթուրն է: Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»:
Այսօր մինչև նիստի մեկնարկը մեղադրյալ Հայկ Սարգսյանն ասաց․ - «Ինքը կարող ա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, ի՞նչ կապ ունի»:
Դեպքից մոտ երկու ամիս անց Դավիթ Սիմոնյանի վրա կրակելու գործը կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Սակայն հեղափոխությոնից հետո նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ վերսկսել է գործի նախաքննությունը։
Այսօր դատարան բերման ենթարկված վկա Սամվել Ասլանյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևանն է: Մեղադրող դատախազի ու դատավորի հարցերին հիմնականում պատասխանում էր, որ չի հիշում, հիվանդ է, վատ է զգում իրեն: Միայն ընդգծեց, թե Հայկը «ոսկի տղա» է, ընկերական ջերմ հարաբերություններ է ունեցել տուժող Դավիթ Սիմոնյանի հետ․ - «Ես չեմ տեսել վատ հարաբերություններ»:
Դատախազը պնդեց, որ վկան հակասական ցուցմունք է տալիս դատարանում: Նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ Հայկը և Արթուրը զենքով խաղացել են նկուղում, որի ժամանակ զենքը կրակել է:
Դատախազը կարդաց նախաքննական ցուցմունքի հենց այդ հատվածը․ - «Հաջորդ օրը բակում գտնվելու ժամանակ ինձ լսեցնելու համար անվտանգության աշխատակիցները զրուցում էին, թե իբր Դավիթին կրակել է Արթուր Ղևոնդյանը իր կողմից գտած զենքով, որին իհարկե չհավատացի, քանի որ արդեն գիտեի իրականությունը:
Ի դեպ, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրյալ Հայկ Սարգսյանի կնոջ ու նրա հետ նույն շարքում նստած տիկնանց նկատմամբ՝ դատարանում ոտքի չկանգնելու համար:
Հայկ Սարգսյանը, ի դեպ, նախորդ տարվա հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: