Մատչելիության հղումներ

Սոցիալական ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի. Դատախազություն


2018-ի հունվարի 1-ից մինչև 2019-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 166 քրեական գործ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության, դրանցից 151-ը կապված են եղել սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը՝ կենսաթոշակների տրամադրման և 9-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ։

Ընդ որում, Դատախազությունը նշում է, որ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, այսինքն՝ դրանք կրել են համատարած բնույթ:

Ըստ Գլխավոր դատախազության, հանցավոր ոտնձգությունները մեծամասամբ կատարվել են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ։

Հարուցված քրեական գործերով տարբեր բնույթի հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139 մլն դրամը:

Մանրամասները տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG