Մատչելիության հղումներ

Սոցիալական ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի. Դատախազություն


2018-ի հունվարի 1-ից մինչև 2019-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 166 քրեական գործ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության, դրանցից 151-ը կապված են եղել սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը՝ կենսաթոշակների տրամադրման և 9-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ։

Ընդ որում, Դատախազությունը նշում է, որ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, այսինքն՝ դրանք կրել են համատարած բնույթ:

«Ավելին, քրեական գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ վեր հանված օրինաչափությունները փաստում են, որ հատկապես անապահովության նպաստների տրամադրման ոլորտում հանցավոր գործողություններն ունեցել են կազմակերպական հստակ մեխանիզմներով արմատավորված սխեմատիկ բնույթ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք չհանդիսացող հանրային ծառայողներն ու տարբեր աշխատակիցներ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց տարիներ շարունակ պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություններ: Բացի այդ, հարյուրավոր քաղաքացիներ, առանց վերջիններիս գիտության, ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, և վերջիններիս անվամբ պետությունից հատկացված նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերի և այլ աշխատակիցների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Այսինքն, ըստ Գլխավոր դատախազության, հանցավոր ոտնձգությունները մեծամասամբ կատարվել են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ։

«Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների կամ քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, գործակալությունների կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, ԲՍՓ գործակալության տարածքային հանձնաժողովների նախագահներ և անդամներ», - ասված է հաղորդագրությունում։

Հարուցված քրեական գործերով տարբեր բնույթի հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։ Նշվածներից միայն 17-ի կամ ընդամենը 7 տոկոսի նկատմամբ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: Վերջիններիցս 14-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ է, 3-ը՝ տարածքային բաժնի պետ և տեղակալ, 22-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 1 համայնքի նախկին ղեկավար և 1 քաղաքացի։ Դատարան ուղարկված քրեական գործերով 33 անձ դատապարտվել է:

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139 մլն դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG