Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրի ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերագործարկումը հետաձգվել է մինչև օգոստոս


«Թեղուտ» ընկերությունը, թեև հայտարարել էր, որ հուլիսի 1-ից ողջ ծավալով վերագործարկելու է հանքն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, բայց երեկ այդպես էլ աշխատանքները չսկսվեցին։

«Ընկերությունը շարունակում է վերագործարկման ինտենսիվ նախապատրաստական աշխատանքները: Հունիսի 25-ից հաջող փորձարկում է անցել հարստացուցիչ կոմբինատի տեխնիկան, վերանորոգվել են անհրաժեշտ սարքավորումները: Նախատեսվում է, որ կոմբինատն ամբողջ ծավալով կվերսկսի աշխատանքը օգոստոսից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընկերության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարինա Թունյանը։

Մի քանի օր առաջ «Ազատության»-ը տված հարցազրույցում ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ասել էր, որ ամբողջովին ավարտվել է փորձարկման գործընթացն ու հուլիսի 1-ից սկսելու են աշխատանքը։

Ըստ նրա, հուլիսին վերամշակելու էին կես միլիոն տոննա հանքաքար։ Այսօր ընկերությունը չի պարզաբանում, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել, որոնք ստիպել են հետաձգել գործարկումը։

«Պատճառը շարունակվող գործընթացն է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում տարբեր բլոկերում», - ասաց Թունյանը։

«Ազատության»-ը տված հարցազրույցում Նալիվայկոն ասել էր նաև, որ Թեղուտի հանքավայրի պոչամբարը տեխնիկական խնդիրներ չունի, և այն պատրաստ է տարեկան մինչև 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման համար։

Նշենք, որ մեկուկես տարի առաջ փակված հանքավայրը ՎՏԲ բանկին ունեցած մոտ 400 միլիոն դոլար պարտքի դիմաց դարձել է բանկի սեփականությունը։

«Կարծում եմ՝ մեր ցուցանիշների շնորհիվ մենք կկարողանանք սպասարկել վարկը, ինչպես նաև բանակցություններ կվարենք բանկի հետ, որպեսզի վերակառուցենք նման վարկային պարտավորությունը, այսինքն, փորձենք տոկոսները նվազեցնել», - «Ազատության»-ն ասել էր ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։

«Թեղուտ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ այս պահի դրությամբ 724 աշխատող ունեն։

«Այս պահին ընդունելություն է։ Օրվա վերջում կունենանք 760 աշխատող», - ասաց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG