Մատչելիության հղումներ

Պաշտպանը Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանին քիչ առաջ անվասայլակով բերեցին դատարան։ Նախքան նիստի սկսվելը նրան նախ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվեցին։ Դատարանի դահլիճում են գտնվում բժիշկները, որոնք հսկողության տակ են պահում Գրիգորյանին։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։ Փաստաբանը նշեց մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Ասաց, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

Պաշտպանը Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG