Մինչև հուլիսի կեսեր կամ վերջ պատվիրված աղբատար մեքենաների մի ահագին հատված կլինի Երևանում, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«Աղբահանության պատշաճ իրականացման համար ուղիղ համեմատական մեծություններ են աղբահանող մեքենաները և դրա որակը։ Այսօր մեր աղբահանության որակի կտրուկ անկումը կապված է «Սանիթեկ» ընկերության կողմից շահագործվող տեխնիկայի քանակի գնալով նվազմանը և վերջին օրերին ավելի կտրուկ նվազմանը։ Եթե մինչ այդ 10-12 մեքենա միջին վիճակագրական օրում դուրս էր բերվում շրջայցի, ապա վերջերս այդ մեքենաների թիվը կտրուկ ընկել է։ Մինչ մեր կողմից արդեն իսկ պատվիրված թվով 34 մեքենաները կլինեն Երևանում արդեն, հավանաբար, մենք մինչև հուլիսի կեսեր կամ վերջ կունենանք ամբողջ խմբաքանակից մի ահագին հատված Երևանում, որոնք հենց գալու հաջորդ օրը կներդրվեն շրջանառության մեջ», - նշեց Սարգսյանը։
«Ազատության» հարցին՝ «Սանիթեկի» հետ պայմանագիրը խզելու դեպքում ի՞նչ է լինում, պատասխանեց. «Այսօր խզելու դեպքում մենք ունենք բավականին մեծ ռիսկ, որովհետև մենք չունենք դեռ մեր աղբահան մեքենաները»։
Հարցին էլ, եթե 34 մեքենան Հայաստանում լինի հնարավո՞ր է խզել պայմանագիրը, արձագանքեց. «Այո, հնարավոր է, ինչպես և այսօր, բայց 34 մեքենաների դեպքում պայմանագրի խզման հետևանքները շատ ավելի մեղմ կլինեն»։
«Ազատության» դիտարկմանը, թե կարո՞ղ է երաշխավորել, որ ամռանը Երևանի Կենտրոնի բազմաբնակարան շենքները չեն բուրելու և չեն վխտալու առնետներով, պատասխանեց. «Եթե խոսքը այս ամռան մասին է, ապա դա երաշխավորել իրականում հնարավոր չէ։ Եթե մեր մեքենաները հասնեն տեղ մեր պլանավորած ժամանակին, իսկ կարծում եմ, որ դրանք կհասնեն այդ ժամանակին, ապա մեր մեքենաների և աղբահանության նոր հիմնարկի գործարկման պարագայում, այո, դա կլինի»։
Անդրադառանլով օգտատերերի հարցին, թե խցանումների խնդիրը, վերջիվերջո, ե՞րբ է լուծվելու՝ նշեց, որ ամենակարևոր խնդիրն ամեն տարի ավելացող ավտոմեքենաների քանակն է։
«Ավտոկայանատեղիների ազդեցությունը խցանումների վրա մեծ գործոն չի իրենից ներկայացնում», - ընդգծեց փոխքաղաքապետը։
Նա ասաց, որ տրանսպորտային նոր ծրագրի շուրջ բանակցություններ են գնում ինչպես կառավարության, այնպես էլ ֆինանսավորող ընկերությունների կողմից։
«Ծրագիրը ոչ կատարյալ վիճակում է մեզ հանձնվել, ընդ որում՝ չի հանձնվել, որովհետև երբ որ մենք նշանակվել ենք աշխատանքի ծրագիրը ավարտված չի եղել։ Այս պահին մենք գտնվում ենք ծրագրի իրականացման իմպլիմենտացիայի փուլում։ Դա նշանակում է, որ ծրագիրը արդեն համարվել, դիտարկվել է որպես ավարտուն վիճակի, և ծրագրի շուրջ բանակցություններ են գնում ինչպես կառավարության, այնպես էլ ֆինանսավորող ընկերությունների կողմից», - ընդգծեց նա։
Ասաց, որ եթե քաղաքապետարանն է շահագործելու ծրագիրը, ապա այն կիրագործվի վարկի միջոցով, քանի որ խոսքը գնում է գրեթե 100 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրման մասին, որը «համայնքի բյուջեի կարողությունից դուրս է»։