Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:
«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով, և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է», - ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:
Կարռավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է համարում, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով ՄԱԿ-ը Հայաստանից շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ։
«Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է», - ասել է վարչապետը: