Մատչելիության հղումներ

«Դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում անթերի». Նիկոլ Փաշինյան


Բարձրաստիճան պաշտոնյաները միջոցառումից կես ժամ առաջ արդեն դատախազության շենքի մոտ էին 101-ամյա կառույցի օրը նշելու համար: Բացակայում էր 100-ամյակին առաջին շարքում տեղ զբաղեցրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Վարչապետի ու գլխավոր դատախազի ժամանումից հետո և օրհներգի ներքո մեկնարկեց միջոցառումը:

Վարչապետը դատախազության աշխատանքը գնահատեց արդյունավետ՝ չմոռանալով բայցը․ ֊ «Սա չի նշանակում անթերի, ես կարծում եմ՝ մեզնից ոչ մեկի գործունեությունը անթերի չէ և ցավոք սրտի՝ դժվար է ասել, կկարողանանք մենք հասնել կատարելության, թե ոչ: Բայց վերջին 1 տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը իսկապես Նոր Հայաստանի դատախազությունն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դնում է նրա առաջ»:

Ելույթից հետո Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացան պարգևների: Մի քանի ամիս առաջ մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավարին պարգև հանձնած Արարատ Միրզոյանը, այսօր ի թիվս այլ դատախազների պարգևատրման համար ընտրել էր նաև Մարտի 1-ի գործով դատախազ Կարեն Բիշարյանին: Միրզոյանի անունից շնորհակալագիրը հանձնեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նիստից հետո Բիշարյանը պնդեց՝ Մարտի 1-ի գործը կապ չունի ստացած պարգևի հետ․ ֊ «Անկախ նրանից՝ ես որ գործով եմ ներգրավված եղել, բոլոր գործերով աշխատել եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել: Ամենևին պետք չէ այդ գործի հետ որևէ կապ տալ»:

Մյուս բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես նախատեսած պարգևներ ունեին: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ընդգրկուն ելույթից հետո նոր միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կրծքանշան հանձնեց:

Չնայած ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործերով հենց դատախազությունն է վերահսկողություն իրականացնում, նվերը Արթուր Դավթյանը կաշկանդող հանգամանք չի համարում, լրագրողների հետ զրույցում ասաց՝ դա անձնական պարգև չէ․ - «Դա մեր տնից չենք բերում, դա այս պետության՝ այդ կառույցի անունից տրվողն է: Հետևաբար չի կարող որևէ պարգև ստացողին կաշկանդել պարգև տվողի անձը: Դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք»:

Լրագրողների հարցերի պատասխանելու պատրաստակամություն հայտնած Արթուր Դավթյանը հակված չէր խոսել Մարտի 1-ի գործից: Միայն հստակեցրեց՝ դատախազությունը արդեն իսկ ինքնաբացարկ է հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:

2008֊ին դատախազությունում գաղտնի շտաբ գործելու և Մարտի 1-ին օտարերկրյա ուժերի ներգրավվածության մասին Դավթյանը տեղեկություններ չունի, հայտարարությունների մասին հակված չէր խոսել:

Ռուսաստանում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցով ռուս գործընկերների հետ կապի մեջ են, ասաց՝ անհանգստացնող ազդակ չկա։

Իր ելույթում Դավթյանը խոսել էր դատախազների նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերի մասին, ասեց հասկանելի է որտեղից են գալիս այդ փորձերը ու շարունակեց․ ֊ «Այդ բոլորը փորձեր են, որ որևէ մեկը իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի: Բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ դատախազները վախ չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG