Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և դրա հետ կապված ժողովրդավարական գործընթացները դրական են ազդել Հայաստան-Ռումինիա հարաբերությունների վրա։ Այս մասին ասում է Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Եվրամիության երկրներից Ռումինիան առաջին տասնյակում էր, որ վավերացրեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ Ռումինիայի վարչապետը առաջիններից մեկն էր, որ ընտրվելուց հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։
Հեղափոխությունը նաև իր ազդեցությունն է թողել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա. այս տարվա ապրիլից ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը Երևան- Ռումինիա ուղիղ չվերթներ է իրականացնում։
Մինասյանն ասում է՝ Հայաստանում հայտարարված տնտեսական հեղափոխությանը ռումինացի գործարարների մասնակցությունը իր գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանից Ռումինիա կարելի է ոչ միայն կոնյակ արտահանել:
«Կա մի շատ կարևոր ոլորտ, որ և՛ Հայաստանը, և՛ Ռումինիան ունեն բավականին լուրջ ռեսուրս, դա, այսպես կոչված, նոր տեխնոլոգիաներն են, որտեղ և՛ գիտական, և՛ տնտեսական, և՛ ինտելեկտուալ առումով բավականին լուրջ ներուժ կա ինչպես հայկական, այնպես էլ ռումինական։ Մենք աշխատում ենք ընդհանրապես ռումինացի գործարարների ներգրավել այդ գործընթացների մեջ։ Կոնկրետ այս պահին մենք աշխատում ենք՝ տարբեր, այդ թվում նաև Հայաստանի հետ քույր քաղաքներին հորդորենք, որ մասնակցեն Հայաստանում տարբեր միջոցառումներին», - նշեց Մինասյանը։
Եվրոպական խորհրդարանի անդամ, ռումինացի Քրիստիան Պրեդան «Ազատության» հետ զրույցում ասում է՝ Հայաստանի համար Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների պատուհան է բացվել և հրաշալի կլինի, եթե Հայաստանը օգտագործի այն:
«Նման իրավիճակները և հնարավորությունները հաճախ չեն տրվում, և եթե դուք ուզում եք ամրացնել կապերը Եվրոպայի հետ, պետք է գործել հենց հիմա՝ կոնկրետ ծրագրեր ներկայացնելով և սկսելով համագործակցությունը», - ընդգծեց Քրիստիան Պրեդան։
Եվրախորհրդարանի պատգամավորը նկատում է՝ քաղաքական, առևտրային կապերից բացի, կարևոր են նաև անձնական կապերը։ Իսկ Հայաստանը առանձնահատկություն ունի՝ Եվրոպական երկրներում բնակվող հզոր սփյուռք։
Ռումինիայի հայերի միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարուժան Փամբուկչյանն ասում է՝ Հայաստանը մեր հայրենիքն է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության, բայց որքան ազատ ու ժողովրդավար լինի մեր երկիրը, այնքան լավ։
Հայաստան վերադառնալու մասին չի մտածում, սակայն համագործակցելու, նոր կապեր ստեղծելու գաղափարներ ունի, հատկապես, ուղղահայաց գյուղատնտեսության հետ կապված, որը, նրա խոսքերով, ռազմավարական նշանակություն կարող է ունենալ՝ ապահովելով երկրի պարենային անկախությունը։
Տարբեր հաշվարկներով՝ այսօր Ռումինիայում 2-3 հազար հայ է ապրում։ Տեղի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Զգալի թիվ են կազմում այն մարդիկ, որոնք հայերեն կա՛մ չեն խոսում, կա՛մ դժվարությամբ են խոսում, հայկական ազգանուններ չունեն կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, բայց պահպանել են ինքնությունը և իրենց հայ են համարում:
Ռումինիայի հյուսիսում գտնվող Գեռլա քաղաքում՝ երբեմնի հայաշատ, հենց հայերի կողմից կառուցված պատմական Արմենոպոլիս քաղաքում այսօր մոտ 200 հայ է բնակվում ՝ հիմնականում տարեցներ։ Երիտասարդները տնտեսական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով հիմնականում այլ երկրներ են մեկնել՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Ֆրանսիա։
Ռումինահայերի միության Գեռլայի մասնաճյուղի ղեկավար Իօան Էսթեգարն ասում է, որ եկեղեցին է հայերին օգնել չկորցնել ինքնությունը։ Յուրաքանչյուր կիրակի նրանք հավաքվում են հայկական կաթոլիկ եկեղեցում, հայերեն երգում և աղոթք կարդում։
Այստեղ հայերին միավորում է նաև ցեղասպանության հիշողությունը։ Ամեն տարի ապրիլի 24-ը նշում են տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների միջոցով։