Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին արձակուրդ է գնում. Ընդդիմությունն ավագանու աշխատանքից դժգոհ է


Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանին եզրափակեց երկրորդ նստաշրջանն էլ ու մեկնեց հանգստի մինչև աշուն։ Ինչպե՞ս են իրենց աշխատանքը գնահատում ավագանու անդամները։ Ընդդիմադիրներից «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գնահատականն է՝ ոչ այնքան արդյունավետ։

«Ավագանու անդամների կողմից պասիվ վերաբերմունք կա նույնիսկ ավագանու նիստերի հանդեպ, որովհետև դահլիճը երբեմն կիսադատարկ է լինում։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը արդեն իսկ ներկայացրել է հինգ նախագիծ, որից երեքն ընդունվել են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս ներկայացրել է նախագիծ, եթե չեմ սխալվում մեկ նախագիծ, որը մերժվել է՝ փողոցի անվանափոխության», - նշեց Թեհմինա Վարդանյանը։

Քաղաքային իշխանությունում մեծամասնություն վերցրած 57 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը որոշման որևէ նախագիծ չի ներկայացրել։ Խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի մեկնաբանմամբ՝ իրենց նպատակը հիմնավոր ու խնդիրներ լուծող նախագծեր ներկայացնելն է, ոչ թե, օրինակ, փողոցների անվանափոխության վերաբերյալ նախագծերով աշխուժություն առաջացնելը։ Հասմիկ Խաչունցն ասում է՝ մեծ խմբակցություն են՝ մինչև այժմ միմյանց ճանաչում էին և թիմ ձևավորում։

«Թիմ ձևավորվելու նորմալ փուլերով է անցնում և շատ ավելի էֆեկտիվ է լինելու արձակուրդից հետո», - ասաց Հասմիկ Խաչունցը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը չի կարծում, թե իրենց հաջողվել է տեղից շարժել քաղաքի ամենակարևոր խնդիրները, օրինակ՝ տրանսպորտի հարցը, որի շուրջ միայն քննարկումներ են։

«Շատ հարցեր շարունակում է մնալ թղթի վրա, շատ հարցեր զուտ քննարկումների շրջանակներում է մնում։ Ընդամենը մեկ ձեռքբերում կարող եմ ասել՝ շների ստերջացման ՀԱՈւԿ-ի սեղծումն է, որը անընդհատ թմբկահարում է իմ գործընկեր խմբակցությունը», - ասաց Առաքելյանը։

Ավագանու նիստերում պարբերաբար ընդդիմադիրները քննարկման թեմա են դարձնում «Իմ քայլը» խմբակցության անդամների հանձնաժողովի նիստերին, լսումներին չմասնակցելու կամ ընդհանրապես պասիվության հարցը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի տպավորությամբ՝ գործընկերներն այս մանդատի կարևորությունը չեն ընկալում, հաճախ են նրանց սպասում՝ քվորումի հույսով։

«Նույնիսկ 40 րոպե, մեկ ժամ և մեկ ժամից ավել մենք փորձել ենք համբերատար սպասել, որ քվորում կապահովվի և որևէ ներկայացված նախագիծը մենք կկարողանանք քննարկել և քվեարկել», - նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Հասմիկ Խաչունցը հակադարձում է որևէ միտում չկա, պարզապես ավագանու անդամները քաղաքի խնդիրներով զբաղվում են հասարակական հիմունքներով և այլ հիմնական աշխատանք ունեն։ Նա օրենքի փոփոխության առաջարկ ունի։

«Ես ամեն անգամ հասկանում եմ, որ մեր ընդդիմախոսները փորձում են ներկայացնել հարցը այն տեսանկյունից, որ մենք գործընկերային մոտեցում չենք ցուցաբերում, սա է անընդհատ հնչում։ Ես բացարձակ չեմ կարողանում դա հասկանալ, որովհետև իրականում էդպիսի բան գոյություն չունի։ Էս թեման շարունակելով ուզում եմ ասել, որ էս պահին ընկերական էդպիսի շփումների ընթացքում նույնպես մյուս ֆրակցիաների անդամների հետ եղել են քննարկումներ և կարծում եմ՝ գնալու ենք օրենքի փոփոխության նախագծի ուղղությամբ, ՏԻՄ օրենքի հետ է կապված, կարծում եմ, որ ավագանին էն ձևով, որ գործում է, այսինքն ոչ պրոֆեսիոնալ ավագանին և քանակով շատ ավագանին էֆեկտիվ չէ», - ընդգծեց Խաչունցը։

«Պորֆեսիոնալ վճարվող ավագանի», - Խաչունցի կարծիքով՝ միայն այս փոփոխությամբ է հնարավոր ամբողջությամբ նվիրվել քաղաքին։

«Ես կարծում եմ, որ այն աշխատանքը, այն մեծածավալ աշխատանքը, որ ավագանու անդամները անում են Երևան քաղաքի և Երևան քաղաքի բնակիչների համար, պետք է չարվի զուգորդվելով այլ մասնագիտական աշխատանքի հետ, այլ պետք է նվիրվել ամբողջ ժամանակով», - նշեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը։

Ավագանու ընդդիմադիրները դեմ չեն։

«Իմ քայլը», ինչպես գիտեք, խորհրդարանում էլ մեծամասնություն է՝ 88 մանդատով, ես ուղղակի հույսով եմ, որ իրենք կարող են նախաձեռնողականությամբ հանդես գալ և այս խնդրին լուծում տալ», - ասաց Հռիփսիմե Առաքելյանը։

«Ինքս օրվա մեծ մասը անցկացնում եմ քաղաքապետարանում և քաղաքացիների խնդիրներով զբաղվելով, ինչից տուժում է իմ անձնական աշխատանքը», - նշեց Թեհմինա Վարդանյանը։

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ավագանու անդամները ամեն ամիս փոխհատուցում են ստանում նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ ամսական, որը շուտով կավելանա 13 հազարով։ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահի կարծիքով՝ խորհրդարանի օրինակով կարելի է եզրակացնել, որ ավագանու կարգավիճակի փոփոխությունը՝ այն վճարովի աշխատանք դարձնելը, ոչինչ էլ չի փոխի։

«Հիմա Ազգային ժողովը պրոֆեսիոնալ է, և այնտեղ աշխատում են ավագանիներ, ամբողջ օրը օրենքի նախագիծ են գրո՞ւմ, էլի չէ, էլի կան ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր որ զբաղվում են օրենսդիր գործով, և կա մի ուրիշ խումբ կամ ավելի մեծ խումբ մարդիկ, ովքեր չեն զբաղվում», - ասաց Վահան Մովսիսյանը։

«Իրավաստեղծ առումով՝ թույլ», - Վահան Մովսիսյանը Երևանի ավագանու աշխատանքն այսպես է որակում։ Կարծում է՝ կա՛մ փորձառության պակասն է, կա՛մ վստահում են քաղաքապետարանի աշխատակազմին, հիմնական նախագծերը հենց այնտեղից են գալիս, իրենք էլ հաստատում են։

«Ես ինչքան որ նիստերը նայում եմ, դրանք հարց բարձրացնել և հարցեր տալն է ու վերահսկողության իրականացնելը։ Այլ նախաձեռնությամբ մտնել, ինչ-որ բան փոփոխել, չեմ ասում չկա, բայց հիմնականում բացակայում է», - ասաց Մովսիսյանը։

Փորձագետն առաջարկում է հրաժարվել փախհատուցման մեխանիզմից։ Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլինի բարձր աշխատավարձ նշանակել խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովականների համար։

«Ֆրակցիայի ղեկավարները էս դեպքում պարտավոր կլինեն, որ իրենց պատգամավորներին աշխատացնեն, որովհետև իրանք դրա համար աշխատանք են ստանում, հանձնաժողովի նախագահներն էլ պարտավոր կլինեն աշխատացնել այն հանձնաժողովին, որի նախագահն էլ իրենք են», - ընդգծեց նա։

Վահան Մովսիսյանը շեշտում է՝ Հայաստանի բոլոր համայնքներում ավագանու անդամները նույն լիազորություններն ունեն, ինչո՞ւ պիտի Երևանը վճարվի, Աշտարակն, օրինակ՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG